Հայաստանը ցեմենտ է ներկրել Թուրքիայից. արտադրողից վերածվել է ներկրողի

Հայաստանը ցեմենտ է ներկրել Թուրքիայից. արտադրողից վերածվել է ներկրողի

Հայաստանը, որ ունի շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից՝ ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանը ցեմենտ ներկրում է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, այլեւ Թուրքիայից: Այսպես՝ Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6856 տոննա:

Պաշտոնական փաստաթղթերից մեզ պարզ դարձավ, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից ցեմենտ չի ներկրվել: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այնտեղից Հայաստան ներկրվել է 150 տոննա ցեմենտ: Ավելացել են նաեւ Թուրքիայից Հայաստան ցեմենտի ներկրման ծավալները. այս դեպքում նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 2, իսկ այս տարի՝ 4.8 տոննա ցեմենտ:

Բայց ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Եթե Իրանից նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 6852 տոննա ցեմենտ, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը մի քանի անգամ ավելացել է՝ կազմելով 25 հազար 932 տոննա: Բավականին քանակությամբ ցեմենտ էլ ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, եւ, բնականաբար, նախորդ տարվա համեմատ ներկրումն ավելացել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 6200 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 800 տոննայի փոխարեն:

Նկատենք, որ ՌԴ-ից ՀՀ ներկրելու դեպքում ցեմենտը ընդհանրապես չի մաքսազերծվում: Բայց Հայաստանի հետ միեւնույն մաքսային տարածքում գտնվող ՌԴ-ում ցեմենտի մեկ պարկը արժի 1700 դրամ: Մեծ խմբաքանակներով ՌԴ-ից Հայաստան ցեմենտը տեղափոխելու դեպքում դրա գինը Հայաստանում կդառնա 2000-2100 դրամ, ոչ ավելին:

Իսկ մեզ մոտ 50 կիլոգրամանոց ցեմենտի պարկն արժի մոտ 3000-3100 դրամ: Ի դեպ, տարիներ առաջ իշխանությունները խոստումներ էին տալիս, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո հայկական ցեմենտի արտահանման համար նոր շուկաներ են բացվելու, ինչը կարող է զարկ տալ արտադրությանը: Բայց այսօր հակառակ պատկերն է, քանի որ տեղական արտադրանքի արտահանմանը խթանելու փոխարեն ներկրման ծավալներն ենք ավելացնում:

Ռուսաստանից անցում կատարենք Վրաստանին. պաշտոնապես այստեղից այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 54.8 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 8.8 տոննայի փոխարեն: Ի դեպ, տեղեկացնենք որ Հայաստանից այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 49.8 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 40 տոննայի դիմաց: Եւ այն արտահանվել է միայն Ռուսաստան: Մինչդեռ նախկինում հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան: Ստացվում է, որ Վրաստանում հայկական ցեմենտի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչը խիստ մտահոգիչ է: Քանի որ, ըստ որոշ մասնագետների, Վրաստանի ցեմենտի պահանջարկը սկսել է բավարարել Թուրքիան եւ Ադրբեջանը: Պարզվում է, որ հայկական արտադրության ցեմենտը վրացական շուկայում չի կարողացել դիմանալ ադրբեջանական եւ թուրքական ցեմենտի մրցակցությանը:

Մյուս կողմից՝ Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները այս տարվա երկրորդ կեսից սկսած ավելանում են: Պատճառն այն է, որ այս տարվա ապրիլից սկսել է ցեմենտ արտադրել նաեւ «Հրազդան» ցեմենտի գործարանը:

Այսինքն՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ցեմենտ արտադրում է «Արարատցեմենտ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարանները: Նկատենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտադրվել է 137 հազար 700 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 136 հազար 200 տոննայի դիմաց:

Այսինքն՝ վերոնշյալ ժամանակահատվածում ցեմենտի արտադրության ծավալները 1.1 տոկոսով ավելացել են: Իսկ ահա այս տարվա 8 ամիսների կտրվածքով մեր հանրապետությունում արտադրվել է 201 հազար 700 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 183 հազար 200 տոննայի դիմաց:

Ճիշտ է՝ այս թվերը ուրախացնող են, բայց մյուս կողմից ցեմենտ արտադրողները կանգնած են ավելի լուրջ՝ իրացման խնդրի առաջ: Արտահանելու հնարավորությունները չնչին են, իսկ մյուս կողմից՝ մեր երկրում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Հայտնի է, որ շինարարության ոլորտում անկումը գրանցվել է 2008 թվականից: Ի դեպ, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 8 տոկոսով նվազել են:

Վերը նկարագրվածը եւս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը եկամտաբեր չէ, ներկրումն է ձեռնտու: Եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը առաջին հերթին հենց այս բալանսը պետք է կարգավորի, որպեսզի ինչ-որ բան արտադրելը դառնա եկամտաբեր:

Սյունէ Համբարձումյան