Նախարարն ընտրել է անտառի «փրկության» գեղարվեստական ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը համացանցի իր էջում գրել է. «Բնապահպանության նախարարության եւ Հայաստանի Նկարիչների միության համագործակցությամբ իրականացվող «Բնապահպանություն կերպարվեստի լեզվով» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-ին մի խումբ արվեստագետներ այցելեցին Խոսրովի անտառ պետական արգելոց եւ կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները»:

Եթե հաշվի առնենք, որ այս ամռանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով կորցրինք հսկայական հեկտարներով բուսածածկույթ, իսկ կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակներ պարզապես փախուստի դիմեցին, հետաքրքրական եւ նույնիսկ զավեշտալի են դառնում նախարարի այն խոսքերը, թե նկարիչները «կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները»։ Հարց է ծագում՝ այրված տարածքներն ինչպե՞ս կարող են այդքան գրավիչ դառնալ արվեստագետների համար։

Ուշագրավ է, որ Խոսրովի անտառի հրդեհվելուց օրեր անց Արծվիկ Մինասյանը հանրությանը համոզում էր, որ անտառը պիտի վերականգնվի բնական ճանապարհով, այսինքն՝ կարիք չկար այնտեղ մեծ միջոցներ ներդնել, ծառատունկեր կազմակերպել եւ այլն։ Լավ է, որ նրա խոսքերը չէր լսում Խոսրով Կոտակ թագավորը, ով ժամանակին տեղյակ չլինելով այս նոր մեթոդի մասին՝ իր ձեռքով էր հիմնադրել անտառը։ Հիմա նախարարը, կարծես, անտառի «փրկության» գեղարվեստական ճանապարհն է ընտրել. այն, ինչ անհնար է անել նախարարության ուժերով, կարելի է գլուխ բերել Նկարիչների միության օգնությամբ:

Մի քանի նկարիչների համար այդ հսկա տարածքում դժվար չի լինի գտնել կանաչ ծառ ու թուփ: Նկարները կստեղծվեն, եւ արգելոցն արդեն «փրկված է»։ Մարդիկ կարող են տեսնել այդ նկարները, իսկ մոխրացած ու ոչնչացած հազարավոր ծառերն այդպես էլ անտեսված կմնան։ Եվ քանի որ հանրության գիտակցության վրա տեսողական ներգործությունն ավելի ազդեցիկ է, ապա նրանց մտապատրանքների մեջ Խոսրովի անտառը կրկին կհառնի իր ողջ հմայքով։

Օրինակը «խրախուսելի է»: Ապագայում այդ մեթոդը կարելի կիրառել նաեւ Բյուրականի անտառներում, Արա լեռան փեշերին, Դիլիջանի արգելոցում, Լոռու հրկիզված տարածքներում։

Անի Անտոնյան




Լրահոս