Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:

Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ: Իսկ անհատ ձեռնարկատերեր Արմենուհի Խաչատրյանն (Արմավիր) ու Նորայր Մելիքսեթյանն (Վանաձոր), արդեն վերացրել են հանրային սննդի իրենց օբյեկտներում հայտնաբերված խախտումները: Թերացումներն ու խախտումները շտկվել են նաև Արդավազդ Սարգսյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (Էջմիածին): Տնտեսվարողների արտադրական գործունեությունը կասեցվել էր հիգիենային ներկայացվող պահանջների և սննդամթերքի անվտանգության ապահովման նորմերի խախտման պատճառով: Կասեցումները վերացվել են, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը և հրուշակեղենի արտադրության վերսկսումը թույլարվել է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն