Գնահատվել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընթացքի կատարողականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կատարողականը գնահատելու, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացն ու ազդեցությունը քննարկելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետևանքներ է ունեցել կրթության և տնտեսության համար ՄԿՈՒ ոլորտում ժամանակին արձանագրված բացերը: «ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպես բովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` մեր համատեղ ծրագրերի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտության համար: Ցանկանում եմ հատուկ նշել ՀՀ Լոռու մարզում իրականացվելիք ՄԿՈՒ ոլորտի գյուղատնտեսական ծրագիրը, որի հաջողության դեպքում այդ փորձը կկիրառենք հանրապետության մյուս մարզերում: Հույս ունեմ, այս ծրագիր նոր դուռ կբացի մեզ համար` ապագա անելիքների առումով:

Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030թ., որտեղ փորձ է արվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նույն ժամանակ սեղանին է դրվելու գիտության բարեփոխումների ողջ փաթեթը, որի արդյունքում հնարավորություն կունենանք հետևելու անհատի կրթության ողջ հետագծին` մանկապարտեզից մինչև գիտություն: Այս համատեքստում արմատական բարեփոխումներ են սպասվում շարժունության և կրեդիտային համակարգի առումով, որը պետք է ապահովենք նաև ՄԿՈՒ ոլորտում»,-նշել է ԿԳ նախարարը` ընդգծելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի տեսանելիության և թափանցիկության կարևորությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է աջակցել Հայաստանին` կապ հաստատել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է ՄԿՈՒ-ի կարևորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուր աճը և աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջև կապը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և քաղաքաշինության զարգացման պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման ընթացքը:

Նշենք, որ ծրագրի նախապայմաններ սահմանվել են` ուսումնական ծրագիր ու չափորոշիչներ, դասավանդողների վերապատրաստում գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատություններում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր, ՄԿՈՒ համակարգում սոցիալական համագործակցություն, Որակի ապահովման համակարգ, գյուղատնտեսական փորձնական հաստատությունների վերակառուցում և վերանորոգում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար սարքավորումներ ու ենթակառուցվածք, կարիերայի ուղղորդման կենտրոններ և ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետություն:




Լրահոս