Հարց քաղաքացիներից` անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները որևէ ուրիշ մեկը իրավունք ունի՞ իմանալ

Հարց քաղաքացիներից` անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները որևէ ուրիշ մեկը իրավունք ունի՞ իմանալ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները տվյալ անձից բացի՝ որեւէ մեկը իրավունք ունի՞ իմանալ: Այսինքն՝ մեկ այլ անձի համասելի՞ են նման տեղեկությունները:

Արփիկ Հարությունյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են եւ հասանելի չեն այլ անձանց, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին՝ անձի կատարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի եւ արժեքի մասին:

Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը եւ որեւէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա գործատուն, պետական մարմինները եւ այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:
Մեկ բացառություն եւս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ մահացած մասնակցի ժառանգներին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների մասին տեղեկատվություն կարող է ստանալ կենսաթոշակային հաշվի քաղվածքի եւ կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի միջոցով: