Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց  Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։

ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ հետագա քայլերը կորոշեն ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո. «Վիճարկել էինք այն դրույթը, որ Վանաձորի ավագանին գումարել էր նիստեր եւ որոշումներ էր կայացրել, այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, սրա հիման վրա կայացված նիստերի որոշումները եւս իրավական ուժ չեն ունենա ՍԴ-ի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո: Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 31-ը: Մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի: Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան»:

Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավոր վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը։  Բացի այդ, ՍԴ-ում վիճարկվում է Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։




Լրահոս