Հարց քաղաքացիներից` աշխատանքային ստաժը ո՞ր տարիքից է հաշվարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` աշխատանքային ստաժը ո՞ր տարիքից է հաշվարկվում:

Լիլիթ Հունանյան (23 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար «Ոսկե մեդալով» պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը` սկսած 14 տարեկանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած եւ սպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած սպաների` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակահատվածը նույնպես հաշվարկվում է աշխատանքային ստաժում:




Լրահոս