ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպարտակ Մելիքյանը Գեղարքունիքում հեղափոխություն է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի 18 գյուղ համայնքներ միավորվել են եւ դարձել Գեղամասար համայնք, որտեղ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո իրավիճակը կարծես թե այնքան էլ հանգիստ չէ։ Այնտեղ համայնքի ղեկավար է դարձել Հակոբ Ավետյանը, ում պաշտպանում էր ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը, որը շարունակում է տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջեւ սեպ խրել։

Գեղամասարի համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Զոյա Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընտրություններից հետո համայնքներում մեկը մյուսին թշնամաբար են նայում։ «Մեր համայնքներում կրկին նույն խժդժություններն են, ինչքան կարող է Սպարտակ Մելիքյանն այդպիսի սեպ խրել ժողովուրդների մեջ, ինչքան կարելի է մարդկանց բաժանել սեւ եւ սպիտակ թուրքերի։ Ընտրություններ եղան, ընտրակաշառքով ընտրվեցին, ու հիմա ահավոր վիճակ է համայնքներում», – նշեց նա՝ հավելելով, թե Ավետյանին ընտրվելու հարցում ընտրակաշառքից բացի՝ օգնել է Սպարտակ Մելիքյանը:

Իսկ ո՞րն է խնդիրը: Մինչ ընտրությունները նշվում էր, թե խոշորացող համայնքի կենտրոնը լինելու է հենց Գեղամասարը, սակայն նախօրեին տեղեկացել են, թե համայնքը Գեղամասար է կոչվելու, բայց կենտրոնը լինելու է Սոթքը։ Մասնավորապես Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Գարեգին Բեգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Նախնական ծրագիրն ուրիշ է եղել, արդեն սպասում էինք, մի երկու օր առաջ եկավ (Հակոբ Ավետյանին նկատի ունի.-խմբ.), նայեց շենքը, թե ոնց պետք է աշխատակազմը տեղավորվի, հիմա էլ հայտարարվեց, թե Սոթքն է լինելու»:

Սակայն սա էլ դեռ ամենը չէ. պարզվում է՝ Գեղամասար համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը սկսել է իր համար նոր թիմ ձեւավորել եւ 18 գյուղապետերից 13-ին որոշել է փոխել, իսկ մյուս հինգին, ովքեր իր մարդիկ են, այլ պաշտոններ է խոստացել: «Ես, օրինակ, 5 տարով եմ ընտրվել, մեկ տարի եմ աշխատել, ինչո՞ւ է ուզում ազատել, չեմ հասկանում։ Նա հայտարարել է, որ իր թիմն է ձեւավորում եւ ասում է, որ հին համայնքի ղեկավարներից ոչ ոք չպետք է լինի, քանի որ իրեն դեմ են եղել», – նշեց Գեղամասարի նախկին գյուղապետ Գարեգին Բեգյանը:

Գեղամասար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց զրուցել. նա ամբողջ օրն անհասանելի էր, աշխատավայրում էլ չէր: Փորձեցինք մեղադրանքների շուրջ զրուցել ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ: Ինչո՞ւ եք բնակիչների միջեւ սեպ խրում. հետաքրքրվեցինք: «Ով որ բողոքում է, ղալաթ է անում, տենց բան գոյություն չունի»,- ասաց նա:

Իհարկե, հասկանալի է, որ պատգամավորական մանդատից զրկված Մելիքյանը փորձում է հիմա իր կողմից աջակցություն ստացած եւ հաղթած թեկնածուի շուրջ թիմ հավաքել, որպեսզի հաջորդ ընտրություններում ընտրվելու գոնե շանս ունենա: Դրա համար մյուս բոլորին փորձում են ազատել աշխատանքից:

Թե ինչով կավարտվի Սպարտակի հերթական ձգտումը, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս