Խորհրդարանի միակ երազանքը Սարգսյանին ամենայն հայոց վարչապետի աթոռին բազմեցնելն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը լքելու Միացյալ Թագավորության քայլերը վերջին օրերին կրկին համակել են արեւմտյան մայրցամաքի քաղաքական ուշադրությունը: Կողմերը այլեւս կարծես չեն էլ թաքցնում, որ հետագա բանակցությունները անիմաստ են՝ հաշվի առնելով փոխզիջման բացակայությունը: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Թագավորությունը չեն ցանկանում զիջումների գնալ առանցքային հարցերում: Իրավիճակի իրական մեղավորը թերեւս Միացյալ Թագավորությունն է ու կոշտ Բրեքզիթի կողմնակից էլիտան:

Այն պահից, երբ արտաքին գործերի պետքարտուղար Բորիս Ջոնսոնը նշանակվեց իր պաշտոնում, ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների կարգավորումը փաստաթղթային մակարդակով այդպես էլ չտեղավորվեց նրա առաջնահերթությունների շարքում: Ակնհայտ էր նրա դանդաղկոտությունը բանակցությունների նախապատրաստական շրջանում, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչների պասիվությունը այդ քննարկումների ժամանակ: Վարչապետ Թերեզա Մեյն ու նրա կառավարության առանձին ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ԵՄ-ից առանց նոր պայմանագրի դուրս գալու հավանականության մասին՝ ակնարկելով, որ կոշտ Բրեքզիթը նույնպես դեպքերի զարգացման հնարավոր տարբերակ է:

Իսկ Ջոնսոնն անգամ հայտարարեց, որ ՄԹ-ը չի պատրաստվում 60 միլիարդ եվրո վճարել ԵՄ-ին եւ այդպիսի պահանջներ ներկայացնող ԵՄ պաշտոնյաները կարող են «գնալ սուլելու»: Բանակցություններն էլ իրենց հերթին սկսվեցին բավականին ուշ՝ անընդհատ ձգձգվելով բրիտանացիների մեղքով: Անգամ աչքի էր զարնել դրանց առաջին ռաունդը, երբ եվրոպացի բանագնացները ներկայացել էին փաստաթղթերի հաստափոր տրցակներով, իսկ ՄԹ-ի ներկայացուցիչների սեղանին անգամ թուղթ ու գրիչ չկար: Սա անուղղակիորեն հուշում էր, որ ՄԹ-ը գնում է հարաբերությունների կոշտացման ճանապարհով:

Առանց պայմանագրի Եվրամիությունը լքելու տարբերակը, թվում էր, այնքան էլ հաճելի չպետք է լիներ ՄԹ-ի համար: Հաշվի առնելով մայրցամաքի հետ խորը կապերն ու հարաբերությունները՝ թագավորությունը գոնե պետք է ձգտեր մի ինչ-որ համաձայնության, այդուհանդերձ, գալ: Խնդիրն այն է, որ առանց պայմանագրի օդում կախված կմնան ԵՄ-ի հետ առնչվող բոլոր ոլորտները, ինչը անխուսափելիորեն ազդելու է միլիոնավոր մարդկանց վրա: Այս հարցում շահագրգիռ կողմն առավելապես Միացյալ Թագավորությունն է, որի կախվածությունը մայրցամաքից անհամեմատելիորեն ավելի մեծ է: Սակայն ԵՄ պաշտոնյաները արդեն իսկ հրապարակավ արտահայտվել են բանակցությունների տապալման հավանականության մասին:

ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բառնիեն հայտարարել է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն դրան` նկատելով, որ 2019թ. մարտի 29-ին Միացյալ Թագավորությունը ԵՄ-ի համար կվերածվի երրորդ երկրի: Նա բրիտանական կողմին տվել է 2 շաբաթ ժամանակ` վերջնական հստակության բերել ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունները: Առանց ֆինանսական պարտավորությունների կատարման, Եվրամիությունը առանցքային մնացած հարցերում, որոնք նախ եւ առաջ հետաքրքրում են բրիտանական կողմին, քննարկելու ոչինչ չունի: ԵՄ-ի պաշտոնյաները արձանագրում են, որ քանի դեռ ՄԹ-ը չի ստանձնի իր ֆինանսական պարտավորությունների կատարման հանձնառությունը, առեւտրական, տնտեսական ու քաղաքացիական հարցերի քննարկումը անիմաստ է:

Օրերս հրապարակվեց նաեւ ՄԹ-ի ԱԳ պետքարտուղար Բորիս Ջոնսոնի եւ շրջակա միջավայրի պետական քարտուղար Մայքլ Գուվի գաղտնի նամակը վարչապետ Թերեզա Մեյին, որտեղ նախարարները իրենց դժգոհությունն էին արտահայտում կառավարության ներսում գոյություն ունեցող թերահավատ տրամադրություններից: Նրանք վարչապետին կոչ էին անում կարգի հրավիրել կառավարության մի շարք անդամների` բացատրելով իրենց ծրագրերն ու գաղափարները Բրեքզիթի գործընթացի վերաբերյալ: Նախարարները ակնհայտորեն ակնարկել են, որ իրենց ծրագիրն է կոշտ Բրեքզիթը` ԵՄ-ի հետ բանակցություններում զիջումների չգնալու միտումով: Բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն, ծանր քննադատության ենթարկեցին երկու նախարարներին` առաջին հերթին գաղտնի նամակ գրելու ու ուղարկելու համար` փոխանակ իրենց գաղափարները հրապարակավ հայտնելու, ապա նաեւ` նամակի ոճի ու դրանում ներառված գաղափարների իմաստով: Նախարարների այդօրինակ կեցվածքը քննադատվեց իբրեւ շեղում ազատ եւ բաց հասարակության ավանդույթներից` միտված պալատական ներքին խարդավանքներին:

Բրեքզիթի ողջ գործընթացը, ամիսներ առաջ ՄԹ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ-ի անզիջում կեցվածքը խիստ բարդ դրության մեջ են դրել վարչապետ Մեյին: Նրա նախարարների նամակը վերլուծաբաններին թույլ է տվել պնդելու, որ վարչապետի դիրքերը էականորեն թուլացած են, եւ նա չի վայելում այն առաջնորդի հեղինակությունը, որը հարկավոր էր Բրեքզիթի գործընթացը առաջ տանելու համար: Մեյին հրապարակային առաջարկներ են արվում վերանայելու կառավարության կազմը` ցուցադրելով իր ուժը: Սակայն ինչպես կարող է Մեյը ցուցադրել մի բան, որից զրկված է:

Հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը դարձել է կաղ բադիկ, որի խոսքը գործնական ազդեցություն չունի բրիտանական քաղաքականության վրա: Դրա վառ դրսեւորումներից է նաեւ բրիտանական խորհրդարանում ներկայումս ընթացող գործընթացը, երբ պատգամավորները փորձում են ընդունել օրինագիծ, որով առանց խորհրդարանի հավանության, ԵՄ-ի հետ համաձայնագիրը իրավական ուժ չի ունենալու: Միացյալ Թագավորության խորհրդարանում վարչապետը այլեւս չունի բացարձակ մեծամասնություն, եւ պարզից էլ պարզ է, որ չունի նաեւ նվիրյալ աջակիցներ: Այսպիսով՝ ՄԹ խորհրդարանը հստակորեն ցույց է տալիս կառավարության հանդեպ տիրապետող անվստահությունը` գործընթացը վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելով: Դրան զուգահեռ վարչապետ Մեյի քաղաքական ապագան ավելի է մշուշոտվում:

Որքան կցանկանար նա լինել Հայաստանում եւ գործ ունենալ Հայաստանի լուռումունջ խորհրդարանի հետ, որի մանկության միակ երազանքը 2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանին ամենայն հայոց վարչապետի աթոռին բազմեցնելն է:

Ն. Հովսեփյան




Լրահոս