ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ քվեարկում են բարեկամ-ծանոթ սկզբունքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ 543 բնակիչ ունեցող Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղին հավակնում էին 11 թեկնածու: Ավագանու թեկնածուների թվում էր նաեւ «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Արտակ Չիբուխչյանը: Նա Ենոքավանի ավագանու թեկնածու էր առաջադրվել ինքնաառաջադրմամբ: «Ապագա տուր» ընկերությունը Ենոքավան գյուղից վերեւ գտնվող տարածքում հանգստյան մեծ համալիր է ստեղծել` «Ապագա Գոմեր Ենոքավան»-ը, որի տարածքում կա երկահարկանի 8 քոթեջ եւ 5 տնակ: Այդտեղ գործում է ձիարշավարան եւ լեռնային հեծանիվների վարձույթ:

Ամեն տարի արտասահմանից եւ Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այդտեղ հանգստանալու: Ենոքավանի տարածքում աշխարհում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մետր երկարությամբ Զիփլայնի ատրակցիոնը, այդ «Yell Extreme Park» նախագծի հեղինակը Արտակ Չիբուխչյանի որդին է՝ Տիգրանը: Այդ նախագծում նախատեսվում է 200 հազար դոլար ներդրում կատարել:

Այս տարվա մայիսին վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ներդրում ունենալով այդ ծրագրի իրականացման գործում: Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Արտակ Չիբուխչյանը ստացել է ընդամենը 20 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ավագանու 11 թեկնածուներից Արտակ Չիբուխչյանից ավել քիչ ձայն ստացել է միայն մեկ հոգի` Ենոքավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Անժելա Սարդարյանը, ով 6 ձայն է ստացել: Ավագանու 11 թեկնածուներից ամենաշատ` 51 ձայն ստացել է ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Հրանտ Մկրտումյանը, ով ստացել է 51 ձայն:

Այս ընտրությունների արդյունքները եւս մեկ անգամ ապացուցում են, որ գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ քվեարկում են բարեկամ-ծանոթ սկզբունքով ու ամենեւին էլ էական չէ, թե թեկնածուն ինչ կարող է կամ չի կարող անել իրենց համայնքի համար: Այսինքն՝ մարդը կարող է համայնքը զարգացնելու համար հսկայական ներդրում իրականացնել, բազմաթիվ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել, բայց երբ հերթը հասնում է քվեարկությանը, գյուղացիները նախընտրում են իրենց բարեկամ-ծանոթի օգտին քվեարկել, որպեսզի նրանց հանկարծ նեղացրած չլինեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս