Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում կարող է անձը՝ որպես տուժող, ստանալ փոխհատուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ է համարվում տուժող կողմ: Ո՞ր դեպքում կարող է անձը՝ որպես տուժող, ստանալ փոխհատուցում:

Ստեփան Հայրապետյան (55 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որն օրենքի համաձայն՝ ունի հատուցում ստանալու իրավունք: Տուժողը կարող է ենթարկվել ճանապարհատրանսպորտային պատահարի՝ լինելով ավտոմեքենայի վարորդ, ում մեղավորությամբ տեղի չի ունեցել պատահարը, ուղեւոր եւ հետիոտն:

Տուժողի վնասները հատուցվում են այն դեպքերում, երբ`

1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,

2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,

3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,

4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ:

Ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տուժողին պատճառված վնասները կարող են լինել անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ, ինչպես նաեւ գույքին պատճառված վնասներ:




Լրահոս