ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ ստիպում, բայց ողջունում եմ, պետք է մնան այն մարդիկ, ովքեր հանուն գաղափարի պատրաստ են աշխատել. Հովհաննես Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահավության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը

-Պարո՛ն Սահակյան, հայտնի է, որ նոր պաշտոնին նշանակվելու օրվանից Դուք ստուգումներ եք սկսել նախարարությունում, որի հետեւանքով, ինչպես պարզ դարձավ, նաեւ պաշտոնանկության դեպքեր են եղել, արդյո՞ք այդ ամենը ֆինանսական չարաշահումների բացահայտման արդյունք է եղել:

-Ես մեկ-երկու անգամ ներկայացրել եմ մեր մոտեցումները, սկզբունքները. դա արդար, ազնիվ անաչառ, սրտացավ նվիրված աշխատանքն է: Այս կոնտեքստում սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվելը ես նույնպես ողջունում եմ: Իսկ մամուլում աղմուկ բարձրացնելու հետ կապված ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Արջն իր ահից է գոռում»: Սա ի գիտություն ընդունենք: Իսկ գործընթացի առումով այս պահին մեր ֆինանսական համապատասխան բաժնում իրականացվում է աուդիտ, այսինքն՝ համակարգի խնդիրները վեր հանելու եւ դրանք լուծելու առումով: Գնումների գործընթացում կային որոշակի թերացումներ, որոնք մենք բացահայտել ենք, շտկել ենք: Իմ մոտեցումն այս աշխատանքի եւ իմ բարձրագույն ղեկավարության պահանջը հետեւյալն է՝ եթե կան թերացումներ, կան խնդիրներ, կա կոռուպցիա, մենք փորձելու ենք ամեն գնով պայքարել եւ վերացնել:

-Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշել էր, թե ազատված Եղիշե Ջհանգիրյանը լավագույն աշխատողներից է եղել, եւ պարզապես Ձեր սրտով չի եղել:

-Այս առումով ասեմ հետեւյալը. այս դեպքում իմ եւ սոցապ առաջին փոխնախարարի՝ ազնվության, անաչառության վերաբերյալ պատկերացումները շատ խիստ տարբերվում են: Ես որեւէ անձնական խնդիր չունեմ ո՛չ տվյալ անձնավորության, ո՛չ առաջին տեղակալի հետ: Սեփական դիմումի համաձայն դուրս գալը կամ պետի սրտով չլինելը… պետի սրտով այլ բան կարող է չլինել, բայց ֆինանսատնտեսական եւ հաշվապահական վարչության պետը դժվար թե իմ սրտով առաջնորդվի:

-Հայտնի է, որ Ջհանգիրյանը վայելում էր նաեւ նախարար Արտեմ Ասատրյանի վստահությունը: Ինչպիսի՞ն են Ձեր եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:

-Դա սուտ է, նման որեւէ տհաճ խոսակցություն չէր կարող լինել եւ չի էլ եղել: Ես իմ ցանկացած քայլ իրականացնելուց առաջ նախեւառաջ ունեմ դրա պատասխանը եւ հիմքը՝ անկախ նրանից՝ ում եմ պատասխան տալու՝ իմ յոթ տարեկան տղայի՞ն, թե՞ երկրի նախագահին: Հետեւաբար նման բան չի կարող լինել. նախարարի հետ ունենք լավ, աշխատանքային, ակտիվ հարաբերություններ: Մամուլի հրապարակումները հերթական հրապարակումների շարքից են, որոնք մամուլը հետաքրքրական են դարձնում: Իմ եւ Արտեմ Ասատրյանի միջեւ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս