Իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրը. ավերիչ երկրաշարժից 29 տարի անց. «Ժողովուրդ»

Իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրը. ավերիչ երկրաշարժից 29 տարի անց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթեւան ընտանիքների խնդիրը: Երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին շարունակում է գոյություն ունենալ, քանի որ դրա արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:
Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2003 թվականը:

Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո նա հայտարարեց, թե աղետի գոտի չկա եւ վերջ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից խոստանում է հաղթահարել երկրաշարժի հետեւանքները: «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»,- այս խոսքերի հեղինակը նույն Սերժ Սարգսյանն է: Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցի մոտ 4 հազար ընտանիք այսօրվա դրությամբ դեռ շարունակում է տնակներում բնակվել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: