«Ծառուկյան» խմբակցությունն արձագանքում է «Ելք»-ի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը քաղաքական առումով ողջունում է Ելք խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու փաստը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե խմբակցության կողմից նման որոշման մասին նա իմացել է վերջիններիս հայտարարություններից և ընդգծեց, թե վերջնական որոշումը պետք է կայացվի միայն քննարկումների արդյունքում: Նրա խոսքով, տարբեր թեկնածուների առկայությունը տալիս է ընտրության ավելի լայն հնարավորություն:

«Հարցի վերաբերյալ 31 հոգի իրենց կարծիքը պետք է արտահայտի: Ես պատրաստ չեմ հարցի վերաբերյալ միասնականորեն ասել այո կամ ոչ: Այդպիսի հարց մենք չենք քննարկել, եթե քննարկման հարց դառնա, բնականաբար բոլորս կմասնակցենք և կոլեգիալ որոշում կկայացնենք», – նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը, եւ մենք հարգանքով ենք վերաբերում յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշմանը։ Այս պահին Ծառուկյան դաշինքը նման հարց չի քննարկել։ Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ, մենք հարգարժան լրատվամիջոցներին անպայմանորեն կտեղեկացնենք։

Հիշեցնենք, որ ԵԼՔ խմբակցությունը տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։




Լրահոս