ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹՂԹԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի նոր տրանսպորտային համակարգի ներդրման ցանցի փաթեթը, որը տարեսկզբին նախատեսվում է ներկայացնել հանրային քննարկման, իսկ արդեն 2018 թվականի ավարտին նախատեսվում է այն ներդնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշեց, թե ժամկետների առումով որոշակի շեղումներ հնարավոր են:

-Պարո՛ն Նիկոյան, տրանսպորտային համակարգի շուրջ քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում: Ի վերջո, ե՞րբ է նախատեսվում տրանսպորտային միասնական համակարգի ներդրումը:
-Առկա տրանսպորտային համակարգի վատ վիճակի վերաբերյալ մենք նույնպես բազմիցս բարձրաձայնել ենք, եւ առիթ ունեցել եմ նաեւ նոր համակարգի մասին խոսելու: Մենք իրոք նախաձեռնել ենք համակարգային բարեփոխումներ, որոնք ընթացքի մեջ են, դեռեւս փաստաթղթային փուլում են: Խորհրդատուն արդեն իսկ ներկայացրել է հաշվետվությունների հիմնական մասը, որը վերաբերում է նոր երթուղային ցանցին: Մենք այդ հաշվետվություններն ուսումնասիրում ենք, իհարկե, որոշակի առաջարկություններ ենք ներկայացնում զուտ տեխնիկական բնույթի, որից հետո ցանցն արդեն կներկայացվի Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին եւ այնուհետ հանրային քննարկման: Ցանցը լինելու է բարեփոխումների հենքը, ըստ էության առաջին փուլը, որի հիման վրա կկառուցվեն արդեն բարեփոխումների բուն ընթացքին վերաբերող բաղադրիչները: Խոսքը վերաբերում է՝ ինչ օպերատոր, ինչ ձեւով կընտրվի եւ նմանատիպ բազմաթիվ հարցեր, իսկ ամենավերջում՝ դրանից ելնելով՝ հաշվարկվող տրանսպորտային միջոցների քանակի, տեսականու հիման վրա կորոշվի նաեւ, թե տեխնիկական սակագինն ինչքան կլինի:
-Ի՞նչ ասել է տեխնիկական սակագին, եւ արդյո՞ք միասնական սակագին է գործելու:
-Տեխնիկական սակագինը դա ծախսերից ելնելով հաշվարկված ինքնարժեքն է, կամ ինքնարժեք գումարած որոշակի բաղադրիչներ: Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, եւ չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաեւ ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետեւ փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում ե՛ւ խմբերի, ե՛ւ տարբեր ձեւաչափերի: Այսօր աշխարհում կան բազմաթիվ ձեւաչափեր, ինչը խորհրդատուի կողմից առաջարկվել է, եւ մենք դա կքննարկենք, կներկայացնենք հանրությանը: Այն պետք է տարբերվող լինի այսօրվա տոմսային համակարգից եւ ձեւաչափից, որպեսզի մարդը երկու անգամ չվճարի փոխտեղերի համար: Ինչպես աշխարհի բոլոր զարգացած քաղաքներում, այնպես էլ Երեւանում, արդյունավետ ցանց ներդնելը ենթադրելի է տեղ փոխել, այսինքն՝ մարդը ինչ-որ երթեւեկության պարագայում ստիպված է լինելու տրանսպորտային միջոց փոխել, եւ մենք պետք է ապահովենք այնպիսի տոմսային համակարգ, որը հնարավորություն կտա մեկ անգամ վճարել երթեւեկության համար՝ անկախ նրանից՝ երկու, թե երեք տրանսպորտային միջոց է փոխվել երթեւեկության համար:
-Միայն ավտոբուսների՞ց է կազմված լինելու միասնական համակարգը:
-Վերգետնյա տրանսպորտում մեր կանխատեսմամբ գործելու է միայն ավտոբուսային եւ տրոլեյբուսային ցանց: Կանխատեսում ենք, որ միկրոավտոբուսներ ընդհանրապես չեն լինի: Աշխարհի բազմաթիվ երկրների փորձն է ուսումնասիրվել, հիմնականում այն քաղաքների փորձն է հաշվի առնվել, որոնք բնակչության քանակով կամ որոշակի ձեւաչափերով նման են Երեւան քաղաքին: Բայց զարգացած երկրների քաղաքների մասին է խոսքը:
-Հստակ ժամկետներ կարո՞ղ եք նշել: Ի վերջո, երբ քաղաքացիները հնարավորություն կունենան երթեւեկել նոր համակարգով:
-Այս ծավալի փոփոխությունների պարագայում պետք է մենք ըմբռնումով մոտենանք, որ ժամկետները կարող են մի փոքր տեղաշարժվել: Մենք կանխատեսում ենք, որ երթուղային ցանցի փաթեթը պատրաստ կլինի տարեվերջին: Ընդամենը մնացել է մեկ ամիս, մենք հույս ունենք, որ կհասցնենք, թեեւ այս ծավալի փաստաթղթերի մեջ պետք է հասկանալ, որ որոշ շեղումներ չեն կարող չլինել, քանի որ սրանք աննախադեպ բարեփոխումներ են, Երեւան քաղաքը չի ունեցել նման ցանց երբեւէ: Այս պահին դեռ մեր ժամանակացույցը չենք փոխում, տարվա սկզբին մենք կսկսենք քննարկումներ, որպեսզի կարողանանք մինչեւ տարեվերջ ներդրման գործընթացն իրականացնել: Կլինե՞ն որոշակի շեղումներ, մենք դրա մասին կհայտարարենք:

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ

«Առաջին հերթին սա մեր պատվիրակության պարտությունն է»: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական տարրեր պարունակող նախագծին՝ այս մասին նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով պատգամավոր լինելու տարիներին հանդիսանում էր հենց այդ պատվիրակության անդամ:

Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակությունից 9-ը կողմ է քվեարկել այն բանաձեւի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ: Քվեարկությանը չեն մասնակցել Հայաստանը, Ռուսաստանը եւ Սերբիան:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այդպիսի բանաձեւի ընդունումը լիովին հնարավոր էր կանխել. «Թույլ տալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նման իրավիճակ ստեղծի, կներեք, այստեղ այնքան էլ այնպես չէ, որ դրա դեմն առնել հնարավոր չէր, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա կստացվեր: Լինել միայնակ եւ արձանագրել խայտառակ արդյունք, սա արդեն խորհրդարանական դիվանագիտության մասին է խոսում», – նշեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ 12 անդամ ունեցող կազմակերպությունում ընդամենը մեկ համախոհ է առկա` Սերբիան, դա նշանակում է, որ այդ կառույցում Հայաստանը խնդիրներ ունի: «Ոչ թե կառույցն է վատը, այլ կառույցում մեր աշխատանքն է վատը կամ կառույցից դուրս մեր աշխատանքն է վատը», – նկատեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը` չպետք է հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը հրաժարական տա, կամ պատվիրակությունը փոխվի, Սաֆարյանը նկատեց. «Մատերիալը դա է, ում ումով փոխել. իհարկե, պատվիրակությունը բացատրություն պետք է տա, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը մի խմբակցության անդամ է, պատվիրակությունն ինչպես է աշխատել, ինչ քայլեր է արել, ինչ քայլեր կարող էր անել, որ չի արել. սա լուրջ քննության արդյունք պետք է դառնա», – հավելեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ վատ պատկեր է տիրում նաեւ տարբեր վեհաժողովներում հայկական պատվիրակությունների աշխատանքի առումով, որը հիասթափեցնում է: Սաֆարյանը որպես պատճառ մատնանշեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում հայտնվել են մարդիկ, ովքեր ուղղակի ի վիճակի չեն պաշտպանելու երկրի ազգային շահերը»:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿԵՂԾ ՓՈՂՈՎ ԸՄՊԵԼԻՔ
ՀՀ իրավապահները 200 դրամանոց կեղծ մետաղադրամների իրացման դեպք են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Օնիկ Գեւորգյանը Ուկրաինայից 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստան է բերել ուկրաինական մետաղադրամներ եւ դրանցից 97 հատ իրենց տանը գազօջախի վրա տաքացնելով եւ մուրճով հարվածելով՝ 200 դրամին համապատասխան չափերի հասցրել: Այս ճանապարհով նա կարողացել է ըմպելիք պատրաստող սարքերից գումարներ հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս դեպքը իրավապահները բացահայտել են Գյումրիում: Օնիկ Գեւոգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

 

ՕՐԻՆԱԿ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ խնդրել իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների կենտրոնը կահավորելու նպատակով: Սակայն մարզպետները այդ կոչ-նամակին դեռ չեն արձագանքել: Մինչ ՀՀ մարզպետները լռում են, այս ընթացքում վերոնշյալ կենտրոնին առաջինն իր աջակցությունը ցուցաբերել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավագանու անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, թե քաղաքապետը դեռեւս հոկտեմբեր ամսին կենտրոնին որպես աջակցություն տրամադրել է 5 մլն դրամ: Միայն թե, նկատենք, Մարգարյանն այդ աջակցությունը ցուցաբերել է ոչ թե սեփական միջոցներից, այլ հանրահայտ «Երեւան հիմնադրամից»: Երեւանի հիմնադրամը, ինչպես հայտնի է, քաղաքապետարանի «ստվերային» բյուջեն է: Նկատենք, որ բոլոր մարզպետարաններն էլ ունեն նման հիմնադրամներ, որի միջոցները տնօրինում են հենց մարզպետները, բայց տեղից չեն շարժվում:

 

 

 

«ԻԼ-76»-Ի ՀԱՄԱՐ 51 ՄԼՆ
Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք` ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու նպատակով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի պաշարների վերականգնման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ:




Լրահոս