Կոռուպցիան զարգանում է ու զարգանում. հեծանիվ հորինելու կարիք չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է հակակոռուպցիոն ռազմավարական նոր ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին եւ հանձնարարել. «Հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմներ»:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր Հայաստանում ընդունվել է 2015 թվականին, եւ այս ուղղությամբ ընթանում են համապատասխան աշխատանքներ: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում ներկայացնել արդարադատության նախարարությանը։

Թե ինչո՞վ է հակակոռուպցիոն ռազմավարական նոր ծրագիրը տարբերվելու նախորդից, դժվար է ասել: Համենայն դեպս, այս ոլորտում հեծանիվ հորինելու կարիք չկա: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է քաղաքական կամք: Այլապես, համաձայնեք, նախորդ տարիներին կոռուպիցայի դեմ պայքարի մասին այնքան շատ է խոսվել, որ հակակոռուպցիա բառն արդեն ծաղրի պես մի բան է դարձել: Նախորդ բոլոր վարչապետներն իրենց հակակոռուպցիոն խորհուրդներն են ձեւավորել, օրենսդրական տարբեր նախաձեռնություններ են ընդունվել, բայց, միեւնույն է, կոռուպցիան զարգանում է ու զարգանում: Ամեն անգամ, երբ Հայաստանի ղեկավարությունը կոռուպցիայի դեմ անողոք պայքար ծավալելու մասին հերթական հայտարարությունն է անում, դրանից որոշ ժամանակ անց Երեւանի տարբեր մասերում պաշտոնյաների նոր առանձնատներ են կառուցվում:

Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսել էր համայնքի ղեկավարների չարաշահումների մասին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը համայնքային մակարդակում կոռուպցիայի մասին է խոսում, Կարեն Կարապետյանը համապետական՝ մակարդակով հակակոռուպցիոն պայքար սկսելու մասին է հայտարարում:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը մեկը մյուսից հավակնոտ ելույթներ են ունենում: Մնում է միայն, որ նրանց ելույթների գոնե չնչին մասը իրականություն դառնա: Իսկ հավակնոտ խոսելու եւ ոչինչ չանելու գործում կարիք չկա, որ նրանք մրցեն: Առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

Արման Գալոյան




Լրահոս