Ինչու չստացվեց իշխանությունների և ուսանողների համագործակցությունը. վերջիններս շարունակում են հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները երեկ հայտարարեցին, որ շարունակում են այն կետից, որտեղ իրենց պայքարը դադար էր առել: Ինչպես հայտնի է՝ նախաձեռնության անդամները երկար ժամանակ «տարկետում լինելուա» կարգախոսով բողոքի ակցիաներ եւ դասադուլներ իրականացրին, սակայն իշխանությունները կուլիսային քննարկումների շարք սկսեցին ուսանողների հետ: Եվ, ահա, երեկ ուսանողներից երկուսը վերսկսել են դասադուլը եւ հացադուլ հայտարարել:

Ի վերջո, ինչու չստացվեց իշխանությունների եւ ուսանողների համագործակցությունը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ուսանողների պահվածքը որակեց որպես կապրիզ եւ իրենց հետ շանտաժի լեզվով խոսելու փորձ: «Վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել: Եւ եղել է հստակ պայմանավորվածություն՝ ներկայացնել առաջարկներ, որին մենք սպասում ենք: Մի քանի օր առաջ ես անձամբ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ եւ խնդրել, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկությունները: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունները չեն ցանկանում կիրառել», – նշեց Զաքարյանը:
Նրա խոսքով` երկու առաջարկ է ներկայացվել, որից մեկը մերժվել է:«Իսկ մյուս առաջարկը, որին վերաբերում էր որոշակի չափորոշիչներ ներկայացնելուն, մենք երկար խոսել ենք երիտասարդների հետ: Փոխանակ բերեին առաջարկներ, հիմա այդպիսի հայտարարություններ են անում»,- նկատեց ՊՆ փոխնախարարը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության փոխնախարարի մեղադրանքների շուրջ զրուցեց նաեւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանի հետ: Նա ներկայացրեց իրադարձությունների զարգացման պատմությունը՝ իրենց տեսանկյունից. «Ինչպես նոյեմբերի 22-ին տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ենք ներկայացրել, մեր առաջարկները եղել են երկուսը։ Դրանցից մեկը մերժվել է, իսկ մյուսի շուրջ քննարկումները հանգել են լրացուցիչ առաջարկ ներկայացնելուն։ Այսինքն՝ խնդիր էր դրվել նոր առաջարկով ներկայացնելու չափորոշիչների մասին մեր պատկերացումները։ Մենք անկեղծորեն կցանկանայիք մեր մտահոգությունները լուծել այդ ճանապարհով, սակայն ստացվում է մի իրավիճակ, որ պետք է չափորոշիչներ ներկայացնենք միայն բնագիտական ուղղության մի քանի երիտասարդների՝ ՌԱՊԿ ուղարկելու համար։ Այսինքն՝ ստացվում է այն, ինչ մի քանի ամիս առաջ հնչեցվում էր ՊՆ-ի կողմից։ Փաստացի ոչ մի առաջընթաց։ Մենք ներկայացնում ենք իրավիճակը ու անկեղծորեն արձանագրում, որ վերջին 1 ամսվա քննարկումներն անարդյունք էին։ Բազմաթիվ գիտնականների ու ուսանողների բարձրացրած բողոքի ձայնը տեղ չհասավ, գոնե տեսանելի արդյունքի առումով»:

Հիշեցնենք, որ կառավարության եւ ուսանողների միջեւ բանակցությունները սկսվեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, երբ վերջինիս հաջողվել էր համոզել երիտասարդներին դադարեցնել պայքարը: Հենց այդ ժամանակ շատերը կանխատեսում էին, որ այդ դադարը փաստացի պայքարի վերջ է, եւ առաջընթաց չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, ով փաստորեն միջնորդ է եղել ուսանողների եւ կառավարության միջեւ: «Ազգային ժողովում ուսանողների հետ կայացած կլոր-սեղան քննարկման ընթացքում դրական առաջընթաց արձանագրվեց: Ես չգիտեմ, թե ինչ ընթացք են ստացել ուսանողների եւ կառավարության քննարկումները, չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ քննարկումների կողմ չեմ եղել: Միգուցե ուսանողները մաքսիմալիստական պահանջներ են ներկայացրել, չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց ցանկանում եմ օգտվել առիթից եւ կոչ անել ուսանողներին դադարեցնել հացադուլը, որովհետեւ հարցերն այդպես չեն լուծվում»,- ասաց Շարմազանովը:

Հավելենք, որ այսօր նույնպես Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում շարունակվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամների հացադուլը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս