ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 77
Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալ նպատակներով՝
ա) Կողմերի միջեւ նրանց հանքարդյունաբերության եւ հումքի ոլորտներում ընթացող զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
բ) երկկողմ փոխանակումների գործընթացը խթանելու նպատակով հումքի առեւտրին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
գ) հանքարդյունաբերության կայուն զարգացմանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում, եւ
դ) հանքարդյունաբերության ոլորտում վերապատրաստմանը, հմտություններին եւ անվտանգությանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում։
ԳԼՈՒԽ 13
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 78
Կողմերը փոխադարձ շահի հիման վրա պետք է խթանեն գիտահետազոտության, տեխնոլոգիական զարգացման եւ նորարարության քաղաքացիական բոլոր ոլորտներում համագործակցությունը, որի նկատմամբ պետք է ապահովվի մտավոր սեփականության իրավունքների պատշաճ եւ արդյունավետ պաշտպանություն։
ՀՈԴՎԱԾ 79
78-րդ հոդվածում նշված համագործակցությունը պետք է ընդգրկի՝
ա) քաղաքական երկխոսությունը եւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակումը,
բ) յուրաքանչյուր Կողմի համապատասխան ծրագրերի համարժեք հասանելիությունն ապահովելու գործընթացի խթանումը,
գ) գիտահետազոտական հնարավորությունների ու Եվրոպական միության՝ Հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կառույցների մասնակցության ընդլայնման հետ կապված նախաձեռնությունները,
դ) հետազոտության եւ նորարարության բոլոր ոլորտներում գիտահետազոտական գործունեությանն առնչվող համատեղ նախագծերի խթանումը,
ե) հետազոտական եւ նորարարական աշխատանքներին երկու կողմերից ներգրավված գիտնականների, գիտահետազոտողների եւ գիտահետազոտական այլ անձնակազմի համար վերապատրաստումները եւ շարժի վերաբերյալ ծրագրերը,
զ) կիրառելի օրենսդրության շրջանակներում՝ սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող գիտաշխատողների ազատ տեղաշարժի եւ այդ գործունեության մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների միջսահմանային տեղաշարժի խթանումը, եւ
է) փոխադարձ համաձայնության հիման վրա՝ հետազոտության եւ նորարարության ոլորտում համագործակցության մյուս ձեւերը։
ՀՈԴՎԱԾ 80
Համագործակցության այսպիսի գործունեություն իրականացնելիս պետք է ձգտել փոխգործակցության՝ Գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի (ԳՏՄԿ) կողմից ֆինանսավորվող գործունեության եւ Եվրոպական միության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ գործունեությունների հետ՝ ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի VII մասի 1-ին գլխում։
ԳԼՈՒԽ 14
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 81
Կողմերը պետք է համագործակցեն՝ սպառողների պաշտպանության բարձր մակարդակ եւ սպառողների պաշտպանության իրենց համակարգերի միջեւ համապատասխանություն ապահովելու համար։
ՀՈԴՎԱԾ 82
Անհրաժեշտության դեպքում, համագործակցությունը կարող է ներառել՝
ա) Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության՝ սպառողներին առնչվող օրենսդրության մոտարկմանը նպատակաուղղվածություն՝ միեւնույն ժամանակ խուսափելով առեւտրում ի հայտ եկած խոչընդոտներից,
բ) սպառողների պաշտպանության համակարգերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, այդ թվում՝ սպառողներին առնչվող օրենսդրության եւ դրա կատարման, սպառողական արտադրանքի անվտանգության, տեղեկությունների փոխանակման համակարգերի, սպառողների կրթության եւ հնարավորությունների ընդլայնման ու սպառողների իրավական պաշտպանության խթանում,
գ) վարչական աշխատողների եւ սպառողների շահերը ներկայացնող այլ անձանց վերապատրաստումներ, եւ
դ) սպառողների անկախ ասոցիացիաների զարգացման եւ սպառողների ներկայացուցիչների միջեւ շփումների խրախուսում։
ՀՈԴՎԱԾ 83
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VI հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 15
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 84
Կողմերը պետք է ամրապնդեն իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ուղղված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, զբաղվածության քաղաքականությունը, աշխատավայրում առողջությունը եւ անվտանգությունը, սոցիալական երկխոսությունը, սոցիալական պաշտպանությունը, սոցիալական ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը եւ խտրականության բացառումը խթանելուն՝ դրանով նպաստելով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, սոցիալական համերաշխության ընդլայնմանը, կայուն զարգացմանը եւ կյանքի որակի բարելավմանը։
ՀՈԴՎԱԾ 85
Տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակման վրա հիմնված համագործակցությունը կարող է ընդգրկել հետեւյալ ոլորտներում հասցեագրման ենթակա որոշակի թվով հարցեր՝
ա) աղքատության կրճատում եւ սոցիալական համերաշխության ընդլայնում,
բ) զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքային պայմաններով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղեր ստեղծելուն՝ նաեւ ստվերային տնտեսության եւ ստվերային զբաղվածության մակարդակը նվազեցնելու նպատակով:

Շարունակելի…

 

 

 

 

ՈՎ ՈՐՔԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Հայաստանում շինարարության ծավալների անկումը դեռ շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շինարարության ծավալները նվազել են 0.2 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում նվազել են համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները` 24.5 տոկոսով: Իսկ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության անկումը կազմել է 22.1 տոկոս: Վերոնշյալ ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներով կատարվել է 22 մլրդ 636 մլն 300 հազար դրամի շինարարություն, իսկ համայնքների միջոցների հաշվին՝ 4 մլրդ 459 մլն 400 հազար դրամի:
Փոխարենը միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելացել են 12.8 տոկոսով: Ընդհանուր այս միջազգային վարկերով իրականացվել 44 մլրդ 587 մլն 700 հազար դրամի շինարարություն: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված միջոցներով իրականացվել է շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարություն: Մարդասիրական օգնության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 13 տոկոսով, դրանք կազմել են 5 մլրդ 133 մլն դրամ:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 90.9 տոկոսով ավելացել է Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացվող շինարարության ծավալները, որոնք այս տարի կազմել են 1 մլրդ 922 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները եւս աճել են 3 տոկոսով ու ընդհանուր կազմել 71 մլրդ 191 մլն դրամ:
Ըստ մասնագետների` շինարարության ծավալների կրճատման գլխավոր պատճառը շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունն է: Այսինքն՝ բնակարանների գնի էժանացման արդյունքում շինարարության ոլորտում ներդրումները դարձել են անարդյունավետ: Իսկ ամենակարեւորն այն է, որ բնակարանների էժանացման գործընթացը դեռեւս շարունակվում է, ինչը պայմանավորված է Հայաստանի տնտեսության ընդհանուր անկմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ` ԱՆՊԱՇՏՊԱՆ
2017թ. գարնանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող, Դեբեդի հովտի դեղձի այգիները կարկտահարվեցին: Բերքի մի զգալի մասը ոչնչացավ, իսկ փրկված բերքն էլ իր վրա կրում էր կարկտահարության հետքերը եւ որակյալ չէր: Ապրանքային տեսք չունեցող միրգը շատ դժվար էր շուկայում իրացնել: Տավուշի մարզի միրգ վերամշակող ձեռնարկությունները չհամաձայնեցին նույնիսկ ցածր գնով մթերել կարկուտից տուժած դեղձը: Արարատի մարզում գործող վերամշակող գործարանները չնայած համաձայնել էին նոյեմբերյանցիների դեղձը ընդունել, բայց առաջարկվող գինն այնքան ցածր էր, որ տեղափոխման վճարները չէր փոխհատուցում: Արդյունքում նոյեմբերյանցի այգեգործները գերադասեցին կարկտահարությունից վնասված դեղձից տնական օղի թորել: Տավուշի մարզում միայն Դեբեդի հովտի համայնքներում են տեղադրված հակակարկտային համակարգեր, որոնց աշխատանքի արդյունավետությունը, ինչպես հայտնի է, շատ ցածր է: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի՝ հուլիսի 27-ի նիստում հայտարարել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն իրենք հայտ են ներկայացրել՝ Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար: Նրա խոսքերով՝ որպես փորձնական ծրագիր՝ Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր: Մարզպետը հայտնեց, որ կարկտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հակակարկտային ցանցերն են: Տարին ավարտվում է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարտադրված է արձանագրել, որ Իջեւանի, Դիլիջանի եւ Բերդի տարածաշրջաններում հակակարկտային համակարգերն այդպես էլ չեն տեղադրվել, ոչ էլ հակակարկատային ցանցեր են ներկրվել:

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը երկու անգամ անդրադարձել է Այրումի պահածոների գործարանի սեփականատեր «Արտֆուդ» ընկերության կողմից Այրում համայնքի հանդեպ ավելի քան մեկ միլիոն դրամի հողի հարկի եւ գույքահարկի պարտքի պատմությանը: Մենք տեղեկացանք, որ մեր վերջին հրապարակումից հետո՝ նոյեմբերի 30-ին, «Արտֆուդ» ընկերությունը փոխանցել է հողի հարկի եւ գույքահարկի 1 միլիոն 300 հազար դրամ պարտքը: Հիշեցնենք, որ «Արտֆուդ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս