«ԿՈՒԶԵԻ, ՈՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայկական բալետի զարգացման, մեր հանդիսատեսի որակի, մեր արտիստների պոտենցիալի մասին զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Գրիգոր Գրիգորյանի հետ, ով հայտնի է իր մարմնավորած Կրասոսով («Սպարտակ»), Գիքոյով («Գայանե»), Էսկամիլիոյով («Կարմեն»), Տորերոյով («Լորկիանա), իսկ վերջերս էլ կայացավ «Ժիզել»-ի պրեմիերան, որի շրջանակում մեր զրուցակիցը հանդես եկավ Հանսի կերպարով։ Գրիգորը մեզ հետ զրույցում նշել է օպերային թատրոնի խաղացանկն ավելի բազմազան դարձնելու անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ առաջիկայում կունենանք ակադեմիական թատրոնին հարիր ներկայացումներ։

-Գրիգո՛ր, վերջին տարիներին Դուք Ձեր խաղացանկը համալրեցիք նոր դերերով: Այնուամենայնիվ, ոլորտում կա՞ն Ձեզ մտահոգող խնդիրներ, որոնք կցանկանայիք լուծված տեսնել։
-Առհասարակ, կցանկանայի, որ ոլորտի մարդիկ աշխատեին բարեկեցիկ, հարմարավետ պայմաններում, որպեսզի լիարժեք կատարեին իրենց գործը։ Ինչ վերաբերում է օպերային թատրոնին, շատ կուզեի, որ խաղացանկը հարուստ լիներ, ավելի շատ բեմադրվեին թե՛ բալետային, թե՛ օպերային ներկայացումներ։ Ցանկացած արտիստի ցանկությունն է խաղացանկի բազմազանությունը։ Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում կունենանք ակադեմիական թատրոնին հարիր ներկայացումներ։
-Իսկ ի՞նչն է, որ դեռ պակասում է մեզ, որպեսզի դա իրականություն դառնա:
-Կարծում եմ՝ այս պահին ունենք բոլոր նախադրյալները՝ լավ խաղացանկ ստեղծելու համար, մնացածը ժամանակի հարց է։
-Բազմիցս եղել եք արտերկրում, ծանոթ եք այնտեղի փորձին։ Կա՞ն միտումներ, որոնք կցանկանաք մեզ մոտ ներդրված տեսնել։
-Գնահատող հանդիսատես, ընդհանուր բարձր մակարդակ, ստեղծագործական մթնոլորտ. ահա այդ որակները։ Ցավալի է, երբ արտիստն օրերով տանջվում է, եւ երբ վարագույրը բացվում է, դահլիճում տեսնում է քիչ հանդիսատես։ Նման երեւույթի արտերկրում չեմ հանդիպել։
-Գրիգո՛ր, հյուրախաղերով հանդես գալու առիթներ հաճախակի՞ են ընձեռվում։
-Տարեսկզբին հյուրախաղերով հանդես ենք եկել Բելգիայի Անտվերպեն քաղաքում, տեղի բալետային խմբի հետ համատեղ ներկայացրել ենք Արամ Խաչատրյանի երաժշտությամբ եւ Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետը, որի արդյունքում փորձի փոխանակում տեղի ունեցավ տեղի պարողների եւ մեր միջեւ։ Նշեմ նաեւ, հաջորդ տարեսկզբին նախատեսվում են հյուրախաղեր դեպի Մալայզիա, որտեղ ներկայացվելու են համաշխարհային գանձարանին պատկանող բալետային ներկայացումներից հատվածներ։ Դա, հուսով եմ, ճանապարհ կհարթի նորանոր հյուրախաղերի համար։
-Հետաքրքիր է՝ Դուք հիմա ի՞նչ դերի մասին եք երազում:
-Կարծում եմ՝ երազանքների ու նպատակների իրականացման համար մի կարճ ճանապարհ կա, որը հնարավոր է անցնել աշխատասիրության միջոցով։ Ավելի վաղ երազել եմ «Սպարտակ» բալետի շրջանակում հանդես գալ Մարկոս Կրասոսի դերապարով։ Եվ ահա 5 տարի է՝ մարմնավորում եմ այդ կերպարը։
-Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ոլորտում սերնդափոխության գործընթացը հե՞շտ է իրականացվում։
-Դե, մեր արվեստն այսպես թե այնպես պահանջում է երիտասարդ ուժեր։ Բայց, ինչ խոսք, մեծերի փորձառությունն անփոխարինելի է եւ միշտ օգնության է հասնում սկսնակ երիտասարդներին։
-Այո՛, բալետի պարողը, ինչպես, օրինակ, ֆուտբոլիստը, պարտավոր է միշտ երիտասարդ մնալ։ Դուք ընտրել եք «շուտ ծերացող» մասնագիտություն։
-Դե, մեր մարմինն անընդհատ աշխատում է եւ ամեն տարի կորցնում է իր ճկունությունը։ Իզուր չէ, որ բալետը համարում են երիտասարդի արվեստ։
-Ո՞ր արտիստի հետ կցանկանայիք մաստեր կլաս անցնել։
-Ֆրանսիացի պարող Մանուել Լեգրիի հետ։
-Իսկ ո՞րն է Ձեր ներկայիս նպատակը։
-Էլ ավելի կատարելագործվելն ու հանդիսատեսին լավ ներկայանալը։ Այս պահին դա է այն հանձնարարականը, որ իմ առջեւ դրել եմ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՄՈՒՐԶՈՆ

Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը՝ նույն ինքը՝ Մուրզոն, տեւական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է նա այժմ զբաղված եւ արդյո՞ք հայրենիք վերադառնալու ծրագրեր ունի։

«Ինչպես նախկինում, այժմ էլ զբաղված եմ երաժշտությամբ: Գրում եմ երգեր մեր քաղաքամայր Երեւանի մասին, արդեն 5 տարի է՝ Էրեբունի-Երեւանի մասին երգերի հեղինակը ես եմ: Բացի այդ՝ ստեղծում եմ տարբեր ոճի գովազդային ֆիլմերի կամ հոլովակների երաժշտություն, դրանց պատվերները ստանում եմ տարբեր երկրներից։ Աշխատում եմ NYFA-ի (New York Film Academy) հետ, գրում եմ ֆիլմերի երաժշտություն»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ հանդես է գալիս նաեւ որպես երաժշտական պրոդյուսեր։ Իսկ հարցին, թե արդյո՞ք նախկինի պես համագործակցում է երգիչ Թաթայի հետ, Արան պատասխանեց. «Այո՛, իհարկե, նրա հետ շարունակում եմ համերգներով շրջագայել տարբեր երկրներում»։
Մենք հետաքրքրվեցինք՝ երաժիշտը Երեւանից ամենաշատը ի՞նչն է կարոտում եւ ո՞ր դեպքում կվերադառնա հայրենիք: «Չեմ հասցնում կարոտել։ Օրինակ՝ իմ ոլորտում ամեն բան նույնն է։ Ես հայրենիքից չեմ էլ հեռացել։ Հիմա ամեն բան այնքան է հեշտացել, որ շատ հանգիստ կարող ես դառնալ աշխարհի քաղաքացի։ Այսօր ես Բուենոս Այրեսում եմ, վաղը՝ ԱՄՆ-ում, հետո՝ Արցախում։ Մի խոսքով՝ հայրենիքից հեռանալու հարց չկա»,-շեշտեց Արան։
Նա նաեւ հավելեց, որ Միացյալ Նահանգներում կապը պահում է հայ արտիստների հետ, հատկապես՝ երգչուհի Էմմիի։
Մենք հարցրինք՝ արդյո՞ք երաժիշտը հետեւում է հայկական շոու-բիզնեսի անցուդարձին. «Ո՛չ, նախընտրում եմ, որ իմ գործերին հետեւեն, ոչ թե ես հետեւողը լինեմ։ Աշխատում եմ ազատ ժամանակս տրամադրել այլ ուսումնասիրությունների տաղանդավոր արվեստագետների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Արա Թորոսյանը Միացյալ Նահանգներ է մեկնել 2011 թվականին։
«Հաճախակի էի լինում Ամերիկայում: Վերջին անգամ էլ եղավ գործնական առաջարկ՝ թե՛ աշխատանքի, թե՛ ֆիլմերի երաժշտության ստեղծման գործընթացին աջակից լինելու: Ես էլ համաձայնեցի»,-ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր երաժիշտը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս