Ոստիկանները ծեծել են Արտեմ Սարգսյանի հետ հանդիպում խնդրող քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Այսպես, Ս. Ն.-ն հայտնել է, որ 24.05.2017թ.-ին անձնական գործերով գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու իր պահանջը ներկայացրել համապատասխան աշխատակցին, սակայն վերջինիս կանչով իրեն մոտեցել են 3 ոստիկաններ և պահանջել դուրս գալ մասնաշենքից: Երբ հրաժարվել է դուրս գալ և պահանջել է տեսակցել նախարարին, ոստիկանները ձեռքերից ու ոտքերից բռնելով` քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել դեմքին և գլխին, ապա` դուրս բերել մասնաշենքից, որտեղից այլ ոստիկաններ իրեն ներկայացրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ս. Ն.-ի մոտ հայտնաբերվել են բութ և սուր առարկաներով պատճառված գանգուղեղային ու այլ մարմնական վնասվածքներ:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը անցած տարվա դեկտեմբերի 27-ի համարում հայտնել էր, որ քաղաքաՍամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետեւ պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետեւյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: Միայն թե, նկատենք, քաղաքացուն առաջադրված մեղադրանքն առավել քան ուռճացված է, քանի որ դժվար է պատկերացնել մոտ 1.5 ժամ շարունակ հայհոյելը, եւ եթե անգամ այդպես էր, ինչո՞ւ ոստիկանությունը նրան դուրս չի հրավիրել: Չի բացառվում, որ խոսքը հենց այս դեպքի մասին է: Ստացվում է` մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են և ոստիկանները, և քաղաքացին:

***

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ռ. Ի.-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 08.11.2017թ.-ին և 06.12.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ հայտնել է, որ 26.10.2016թ.-ին` Երևան քաղաքի կարաոկե ակումբներից մեկում, իր ընկերոջ` նույն քրեական գործով ամբաստանյալ Դ. Հ.-ի հետ ծեծի է ենթարկվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս