Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է: Պատասխանատուները, սակայն , այս պահի դրությամբ գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրեց՝ եթե նման կերպ շարունակվի, կգնանք դեպի նորմալ գարուն: «Գիշերները ցածր ջերմաստիճան ենք ունենում, ցերեկները բարձր: Այսինքն՝ հավասարակշռությունը պահպանվում է»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքով` այս պահի դրությամբ հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա, ցրտահարված ոչինչ չկա, այդ թվում և աշնանացան ցորենը: «Եթե եղանակը տհաճ անակնկալներ մատուցի և ջերմաստիճանի կտրուկ անկում ունենանք, ցանկալի կլինի, որ ձյան տեսքով տեղումներ լինեն, որ աշնանացան ցորենը ծածկվի ձյան շերտով»,-նշեց նա:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալն ասաց, որ եթե եղանակը չփոխվի և, ինչպես հիդրոմետն է կանխատեսում, բարձրանա, ապա գյուղացիները ստիպված կլինեն մեկնարկել գարնանային աշխատանքները: «Գյուղատնտեսության համար նման անոմալ ձմեռ ունեցել ենք նաև 2015 թվականին, արդյունքում բերքառատ տարի եղավ»,-հավելեց նա:

Անդրադառնալով երաշտի վտանգին, Աշոտ Հարությունյանը նշեց, որ տեղացած ձյան, թաց ձյան, անձրևների շնորհիվ հողում կա կուտակված համապատասխան խոնավություն:«Երաշտի վտանգ չկա: Դեռ ունենք ժամանակ և մի քանի օր ինտենսիվ տեղումները հարցի լուծում կարող են դառնալ: Նման նախադեպ եղել է, և երաշտի հետ կապված խնդիր չի առաջացել»,-ասաց փոխնախարարը:

Անոմալ ձմեռը դրական է անդրադարձել նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների վրա: «Նրանք դեռ 100 տոկոս մսուրայինի չեն անցել և շարունակում են արածել գյուղամերձ տարածքներում և արոտներում, իսկ դա նշանակում է, որ խոտի պակաս չի լինի»,-ընդգծեց Հարությունյանը:

Ջերմատներում եղանակով պայմանավորված էլեկտրաէներգիա և գազ ևս քիչ է օգտագործվում, հետևաբար կարելի է ակնկալել, որ գյուղմթերքի գինը ևս բարձր չի լինի:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։

Սուրենյանն ասաց, որ հունվարի 19-ից սկսած` ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 12-13 աստիճանով: «Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները»,-հավելեց օդերևութաբանության կենտրոնի պետը:




Լրահոս