ՀԱԿ-ը թիվ 1 քաղաքական օրակարգ ձևավորող ուժն է. Արամ Մանուկյանը ներկայացնում է կուսակցության ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրեսը»-ը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում 1988 թվականի ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացնի։ Բացի այդ` գարնան առաջին օրը` մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումներ կլինեն: Հատկանշական է, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո սա կուսակցության առաջին զանգվածային նախաձեռնությունն է լինելու: Ինչո՞ւ հենց այս փուլում ակտիվացավ կուսակցությունը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։

-Պարո՛ն Մանուկյան, միջոցառումների վերաբերյալ հայտարարությունն արվեց «Ելք» դաշինքի՝ թանկացումների դեմ երթի օրը: Երկարատեւ լռությունից հետո ինչո՞ւ կոնգրեսն ակտիվացավ հենց այդ օրը:

-Բա եղա՞վ։ Դա ի՞նչ կապ ունի «Ելք»-ի հետ: Շարժման 30-ամյակը մեր երկրի, մեր ժողովրդի լուսավոր էջերից մեկն է։ Ես մեր ժողովրդի պատմության մեջ չգիտեմ ավելի արդյունավետ, լիքը, մարդասիրական տարիներ, քան դրանք են։ Ազատ մարդու, ազատ երկրի գործընթաց է սկսվել դրանով։ Իսկ լռության իմաստը հետեւյալն է․ մենք անցյալ դեկտեմբերին ասել ենք ինչ-որ բան. դա Հայաստանի զարգացման մեր կոնցեպտն է, ղարաբաղյան հարցի արժանապատիվ, փոխզիջումային լուծումը։ Եվ գտնում ենք, որ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Հայաստանն այլ հարց չպետք է ունենա։ Եվ ժողովուրդը պետք է ուղղակի ստիպի իշխանություններին գնալ խաղաղության հաստատման։ Մեր ասածը չի փոխվել։ Թե չէ փողոցների անվանակոչություն, գների բարձրացում… այդ բոլորը կարեւոր են, բայց բոլորի լուծման հիմնարար ճանապարհը կիսապատերազմից դուրս գալն է։

-Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 10-րդ տարին լրացավ, նախատեսե՞լ եք երթ անցկացնել:

-Ինչպես միշտ, կլինի մեր ավանդական երթը, ծաղիկների խոնարհում… Եվ դա լինելու է այնքան, քանի դեռ այդ գործը չի բացվել, քանի դեռ մարդասպանները չեն բացահայտվել, քանի դեռ կծիկը չի պտտվել։ Եվ ես ձեզ ասեմ. մի փոքր լավատես եմ։ Հույս ունեմ, որ գործի ընթացքի մեջ փոփոխություն կլինի։

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը։

-Իմ տեղեկացվածությամբ եւ մեր հետեւողական աշխատանքով։ Աստված տա` այս տարի, թեկուզ 2 տարի հետո, բայց երբեւէ բացվի։ Մենք գիտենք, որ մարտի 1-ի դեպքերից առաջ հոկտեմբերի 27 է եղել, որը դեռ նույն կարգավիճակում է։ Թեեւ գիտեմ, որ լուծման միակ ճանապարհն իշխանափոխությունն է, քանի որ այն իշխանությունները, որոնք պաշտպանում, պարտակում են սպանդը, չեն բացահայտի։

-Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ «Ելք» դաշինքը օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Կօգնի՞ նախագիծը հասնել արդարության։

-Չեմ ուզում մեկնաբանել։ Մենք մարտի 1-ը համարում ենք բռնապետության դեմ պայքարի միջազգային օր, անհրաժեշտ ենք համարում նաեւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։ Հիմա թե իրենք ի՞նչ են անում, չգիտեմ։

-Կարո՞ղ ենք ասել, որ Կոնգրեսն ակտիվ է լինելու, շարունակելու է նախաձեռնություններով հանդես գալ։

-ՀԱԿ-ը երբեք չի դադարեցրել։ ՀԱԿ-ն իր ասածն ասել է եւ սպասում է՝ տեսնի՝ «հզոր, համարձակ» քաղաքական ուժերն ինչպես են արձագանքում։

-Կուսակցությունը հույսը չի՞ կորցնում, որ դեռ լինելու է ակտիվ քաղաքականության մեջ։

-ՀԱԿ-ն այսօր Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգ ձեւավորող եւ թիվ 1 քաղաքական խնդիր դրած ուժն է։ Ավելին ասեմ, չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որը թիվ 1 մարտահրավերի նկատմամբ վերաբերմունք արտահայտի։

-Այն, որ Ազգային ժողովում ներկայացված չեք, չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ը չի լինելու քաղաքական լայն օրակարգում։

-Գիտեք, ՀԱԿ-ը, նախկին ՀՀՇ-ն 30 տարի է՝ պայքարի մեջ են։ Ի՞նչ կապ ունի` մենք խորհրդարանում ենք նստած, թե՞ փողոցում։ Դրանք միջոցներ են, որ դու պետք է օգտագործես։ Կարեւորը քո նպատակն է։ Իսկ մեր նպատակը մեր երկրի անկախությունը, սուվերենությունն է, բարձր արժեքների պահպանումը, որոնց հիմքը դրվել է 1988-ին։

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս