ԿՅԱՆՔԸ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ Է ԹԱՆԿԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները ոչ միայն տարեցտարի են թանկանում, այլեւ օր օրի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեր հանրապետությունում սպառողական շուկայում անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ ալկոհոլային խմիչքի եւ սննդամթերքի 3.6 տոկոս թանկացումով:

Բայց պաշտոնական տվյալներով` դեկտեմբերին հիմնական գնաճը արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում` 5.5 տոկոս: Ըստ այդմ, թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը` 4 տոկոսով: Միայն բանջարեղենի եւ մրգի շուկայում անցած դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացումը կազմել է 25.1 տոկոս: Մսամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել` 1.3 տոկոսի չափով: ՀՀ բոլոր քաղաքներում անցած տարեվերջին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8 տոկոսով: Բայց Եղեգնաձոր քաղաքում մսամթերքը ավելի թանկ գնով է վաճառվել:
Անդրադառնանք առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներին, որտեղ եւս թանկացումներ են արձանագրվել: Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձուն թանկացել է 19.4 տոկոսով: Իսկ ահա կաթնամթերքի շուկայում դեկտեմբերին արձանագրված գնաճը կազմել է 2.6 տոկոս: Նկատենք, որ հանրապետության բոլոր քաղաքներում անցած տարեվերջին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի եւ ձվի գները բարձրացել են 1.5-4.3 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապան քաղաքում: Բայց Երեւանում կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 2.4 տոկոսով: Բայց տարիների կտրվածքով Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումների չափը հսկայական ծավալների է հասնում: Վերջին տարիների գների տեղաշարժը ներկայացված է աղյուսակում.
Ի դեպ, նշենք, որ 2014 թվականի վերջին եւ 2015 թվականի սկզբին դոլարի եւ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրանացավ, ինչի արդյունքում ներքին շուկայում թանկացումներ գրանցվեցին: Սա է պատճառը, որ 2015 թվականի հունվարին նշված ապրանքատեսակների գները փոքր-ինչ բարձր են եղել, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
Սակայն «Չանախ» կաթնամերքի արտադրության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով կաթնամթերքի տարիների ընթացքում արձանագրված թանկացումներին, հավաստիացրեց, որ վերջին չորս տարիների ընթացքում իրենք իրենց արտադրանքի գները փոփոխության չեն ենթարկել. «Մենք չենք թանկացրել մեր արտադրանքը: Ես սա ասում եմ Ձեզ որպես արտադրության պատասխանատու: Մենք փորձել ենք անել հնարավորինս, որպեսզի չթանկացնենք մեր արտադրանքը»:
Բայց ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունից կաթնամթերքի գների` վերջին տարիների աստիճանական բարձրացումը հիմնավորեցին Հայաստանում տեղի ունեցող ընդհանուր ապրանքների թանկացումով: «Այնպես չէ որ միայն կաթնամթերքի գներն են բարձրացել, ամեն ինչ համատարած թանկացել է ու շարունակում է թանկանալ: Հարկեր կան, տրանսպորտային միջոցների վառելիքն է թանկացել, հումքի գներն են բարձրանում: Դա է պատճառը, որ ամեն ինչ տարեցտարի թանկանում է: Հետո` Հայաստանում կյանքն այլեւս առաջվանը չէ»,- ասաց ընկերության աշխատակիցը:
Իսկ ահա թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով` վերջին տարիներին ձվի թանկացումը պայմանավորված է այդ արտադրության ոլորտում կիրառվող լրացուցիչ ծառայությունների գների բարձրացումով: «Օրինակ` վերջին տարիներին մի քանի անգամ թանկացել են հավկիթի համար նախատեսված փչակները, պլաստմասե տուփերը: Էներգակիրների մասին ավելորդ է անգամ խոսել: Չէ՞ որ տարիների ընթացքում դրանց գները եւս բարձրացել են: Բացի այս` թանկացել է նաեւ թռչնակերի ներկրումը»,- պարզաբանեց մասնագետը:
Բայց այս տարվա հունվարի 1-ից լայնածավալ թանկացումների մեկնարկն արդեն տրված է: Եւ, բնականաբար, 2018-ի հունվարին վերոնշյալ ապրանքատեսակների գները փոփոխություն են կրել ու ավելի թանկացել: Օրինակ` հավկիթի 15 հատանոց տուփը այսօր վաճառվում է մոտ 960 դրամով, որը տարիներ առաջ ուներ 930 դրամ գինը: Միայն թթվասերի 90 գրամանոց տուփը տարիներ առաջ վաճառվում էր 100 դրամով, իսկ հիմա այն արժի 140 դրամ:
Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից այլեւս չի գործում ԵԱՏՄ անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը, ինչը նույնպես լրացուցիչ գնաճային ճնշում է առաջացնում: Կարճ ասած` առաջիկայում Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսելու, միայն դրանք պայմանավորված են լինելու ոչ թե միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, այլ սահմանված է լինելու օրենքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ
2017 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ մարզում կատարվել է 3000 հեկտար աշնանացան: Նախորդ տարիների համեմատ սա փոքր ցուցանիշ է: Վարուցանքի համար գյուղտեխնիկայի տերերին վճարվող բարձր գները, հացահատիկահավաք կոմբայնների սակավությունը, պարարտանյութերի եւ դիզվառելիքի գների պետական սուբսիդավորումը հանելը պատճառ են դարձել, որ Տավուշում նվազեն աշնանացանի հեկտարները:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՒՄ
Երեկ Լոռու մարզի Դեբեդ գյուղում գայլերի հարձակում է տեղի ունեցել: Բնակիչները գյուղ մտնող ճանապարհին հայտնաբերել են գայլերի կողմից հոշոտված ավանակի ու ձիու քուռակի: Համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ չնայած գյուղը գրանցված որսորդ ունի, սակայն գայլերի դեմ պայքարն արդյունք չի տալիս: Դեբեդի բնակիչ Արթուր Ղազարյանի խոսքով` գայլերի` պարբերաբար կրկնվող ու շարունակվող հարձակումները լուրջ սպառնալիք են դարձել անասնապահությամբ զբաղվողների համար: Նախորդ տարի գայլերը քանիցս հարձակվել են Ղազարյանի ձիերի ու կովերի վրա, հոշոտել ու վիրավորել դրանց, ինչի հետեւանքով մեկ տարվա մեջ շուրջ կես միլիոն դրամի նյութական վնաս է կրել, որը չի փոխհատուցվել ո՛չ համայնքի, ո՛չ էլ պետության կողմից:

 

 

ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է բոլոր վարորդներին մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՍՈՒՐՃԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման շուկայում հայտնաբերել է «ՕKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության եւ պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից եւ ոչնչացվել: Միաժամանակ ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

ԲՈՏՈՒԼԻԶՄԻ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է
2017թ. Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 13 դեպք, տուժել է 21 մարդ, որից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: 2016 թվականի համեմատությամբ` բոտուլիզմի դեպքերի թիվն ավելացել է 3-ով, իսկ տուժածների թիվը` 1-ով: 2016 թվականին եւս արձանագրվել է 2 մահվան դեպք: Թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի եւ վարունգի մարինադներն են, կարմիր պղպեղը, սմբուկը, շուշանի թթուն եւ այլն: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի եւ այլ մթերքի վրա: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման եւ ջերմության ազդեցության տակ: Բոտուլինատոքսինով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը եւ տեսքը: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչեւ 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն:




Լրահոս