«ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԱՄԵՆ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԴԵՄ ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանի հետ:

-Պարո՛ն Թոխատյան, թե՛ «Մեա կուլպա 1»-ի, թե՛ «Մեա կուլպա 2»-ի դեպքում արծարծել եք քաղաքական խնդիրներ: Որեւէ պաշտոնյա մինչ օրս անդրադարձե՞լ է Ձեր մեսիջներին:
-«Մեա կուլպա 1»-ի մասին զրուցել ենք Սերժ Սարգսյանի հետ, ով այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր: Նա հավանել էր ներկայացումը, միայն թե մի փոքր այլ տեսակետ ուներ Նապոլեոնի տեսարանի հետ կապված, որն առնչվում էր հենց բանակին: Կարծում եմ` ամեն դեպքում մենք ընդհանուր հայտարարի եկանք:
-«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տարածել էր հաղորդագրություն, որում նշում էր, թե Դուք ցանկանում եք տեր դառնալ Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատին, իսկ քանի որ Ձեր հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, նրա ձեւակերպմամբ, չունի գործունեության փորձ եւ ֆինանսական միջոցներ, հետեւաբար պալատը չպետք է առանց մրցույթի եւ երաշխիքների տրամադրվեր հիմնադրամին: Այնուամենայնիվ, որոշվեց պալատը 10 տարով տալ հիմնադրամին: Դուք Փոստանջյանի այդ եւ այլ որակումներին, որքանով տեղյակ եմ, հիմնավոր կերպով չպատասխանեցիք, ինչո՞ւ:
-Նախ` Կանազի մշակույթի տան հետ կապված իմ ծրագրերը ես հայտնել եմ վաղուց: Այնտեղ լինելու է թատերական դպրոց-ակադեմիա, պրոֆպետուսումնարան եւ երկու բեմ: Իսկ Զարուհի Փոստանջյանին չպատասխանեցի, քանի որ չեմ կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը: Այն, ինչ ասել էր Փոստանջյանը, ամբողջն աղավաղված էր: Հիմա մշակույթի տունն ահավոր վիճակում է, ինքս եմ դիմելու լրատվամիջոցներին, որպեսզի գան, տեսնեն այն ու մտածեն` արժեր դրա շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացնել, թե ոչ:
-Ոմանք ասում են, որ քաղաքային իշխանությունները պարզապես նվիրեցին Ձեզ Կանազի մշակույթի տունը:
-Ոչ ոք ինձ որեւէ բան չի նվիրել: Մշակույթի տունն ինձ տրվել է տասը տարով անվարձահատույց` մեկ միլիոն ներդրումային ծրագրի դիմաց: Եթե որեւէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, եւ ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան: Բայց նա պետք է անի այն, ինչ ես եմ ուզում, այսինքն` պետք է մշակույթի տունը դարձնի մշակութային կենտրոն, դա չի կարող լինել բիզնես:
-Դուք ինչպե՞ս եք մշակութային կենտրոնի գաղափարը կյանքի կոչելու, ի՞նչ միջոցներով:
-Գումարը կհավաքեմ: Այնքան լավ ընկերներ ու բարեկամներ ունեմ, նրանց օգնությամբ էլ այդ գործը գլուխ կբերեմ:
-Պարո՛ն Թոխատյան, ինչո՞ւ դուրս եկաք Երեւանի ավագանու կազմից: Հասկացաք, որ ոչինչ չե՞ք կարող փոխել երեւանյան իրականության մեջ:
-Ես ներառվեցի ավագանու կազմում, քանի որ հույս ունեի, որ կարելի էր ինչ-որ բան անել: Հետո պարզվեց, որ այն, ինչ ես կուզենայի փոխել, կա՛մ դրա ժամանակը չէ, կա՛մ, գուցե, ես իմ տեղում չեմ, ուրեմն ինչո՞ւ զբաղեցնեմ ուրիշի տեղը: Ես իմ դիմումի համաձայն, առանց կոնֆլիկտի դուրս եկա ավագանու կազմից:
-Առաջիկայում քաղաքական բուռն իրադարձություններ են սպասվում: Մենք նոր նախագահ ենք ունենալու, անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի: Ի՞նչ եք մտածում այս ուղղությամբ եւ ի՞նչ կարծիք ունեք Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:
-Արմեն Սարգսյանին ես ճանաչում եմ որպես կիրթ, պատրաստված, բարձր ինտելեկտով անձնավորություն, մենք ծանոթ ենք դեռ 1990-ականներից, բայց նրա քաղաքական գործունեությանն ընդհանրապես ծանոթ չեմ, ուստի դժվարանում եմ պատկերացնել` եթե ընտրվի, որպես նախագահ ինչպիսին կլինի: Իսկ, առհասարակ, եթե խոսելու լինենք քաղաքական պրոցեսների մասին, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսեւորումներ չեն լինում, բոլորը մի տեսակ հարմարվել են այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լինի. մինչեւ վերջ չենք հասկանում` ինչ պետք է անենք:
-«Ելքը», օրինակ, թանկացումների դեմ բողոքի ալիք է բարձրացրել` երթի տեսքով: Դուք քաղաքացիական ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի շուրջ:
-Թանկացումներին ամեն բանական մարդ պետք է դեմ լինի, քանի որ ամեն թանկացում բերում է սոցիալական ցնցման: Թանկացումները վնասում են հատկապես չունեւոր շերտին: Դրանք բերում են դժգոհության, եւ դա ճիշտ զայրույթ է: Ինչպես պայքարել` ես չգիտեմ, «Ելքը» այդ ուղին ընտրեց, բայց որեւէ մեկն ալտերնատիվ տարբերակ չառաջարկեց: Լավ կլիներ` քաղաքական ուժերը բացատրեին, իմ ընտրած պառլամենտը բարի լիներ ինձ` քաղաքացուս, բացատրեր, ասեր, օրինակ` հարգարժանս, հասկանո՞ւմ ես` սա անհրաժեշտ էր: Բայց այդ փորձը չի արվում, ոնց որ թե բոլորը համաձայն են, որ որեւէ էքսցես չի լինում: Բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Պետք է ինչ-որ բան մտածենք, որ իրավիճակ փոխենք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ ՆԿԱՐԻՉ, ՈՐԸ ՉԻ ՎԱՃԱՌՈՒՄ ԻՐ ԿՏԱՎՆԵՐԸ

Մեզ հայտնի քաղաքական գործիչները հաճախ ներկայանում են նոր, անսպասելի ռակուրսով։ Մենք սովոր ենք տեսնել նրանց փողկապներով, ամբիոնների առջեւ, այնինչ` պաշտոնյաներից շատերը հաջողությամբ դրսեւորվում են նաեւ այլ ոլորտներում, ընդ որում, հաճախ ոչ միայն սիրողական, այլեւ պրոֆեսիոնալ մակարդակով։ «Ժողովուրդ»-ը մեկնարկում է նոր շարք՝ «Պաշտոնյաների մշակութային նախասիրությունները» խորագրով։ Այս անգամ մեր զրուցակիցը ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

Նա նկարում է ավելի քան քառասուն տարի։ Արամ Մանուկյանի խոսքով՝ ինքը քաղաքականության եւ նկարչության միջեւ ընտրություն կատարելու խնդիր երբեւէ չի ունեցել. «Դրանք բացարձակ իրար չեն խանգարել, հակառակը՝ միշտ օգնել են։ Նկարչությունը, կարծես, մաքրում է քաղաքական դաշտը, որտեղ գործելով կարող ես նյարդայնանալ, ծանրաբեռնվել։ Իմ աշխատանքի վերաբերյալ ես լսել եմ եւ մասնագիտական, եւ ոչ մասնագիտական կարծիքներ։ Նախորդ տարի էլ Երեւանի ժամանակակակից արվեստի թանգարանում ունեցել եմ ցուցահանդես, որը կազմակերպելու համար ինձ օգնել են մասնագետներ»,-ասաց նա։
Հետաքրքիրն այն է, որ Արամ Մանուկյանը ստեղծագործում է Փինք Ֆլոյդի երաժշտության ներքո։ Նրա խոսքով՝ դա մաքուր, անարատ երաժշտության ընտրություն է. «Դա բացարձակ ռոմանտիզմ է՝ մաքուր եւ բնական։ Միշտ փորձել եմ բանաձեւային կապ գտնել նկարչության եւ երաժշտության միջեւ»,-նշեց մեր զրուցակիցը։
Արամ Մանուկյանի ամեն զավակի ծնունդի հետ ծնունդ է առել նաեւ կտավ։ Նրա նկարներից ամեն մեկն իր պատմությունն ունի։
Հարցին, թե արդյոք հնարավոր է՝ առաջիկայում կազմակերպվի իր երկրորդ ցուցահանդեսը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Եթե Աստված տա, հնարավորություն ունենամ, կկազմակերպեմ։ Ասեմ, որ Երուսաղեմի փողոցներում մի շարք հետաքրքիր լուսանկարներ եմ արել, եւ հիմա կտավների շարք եմ ստեղծում՝ երուսաղեմյան շարք»։
Ուշագրավ է, որ մեր զրուցակիցն իր նկարները ոչ վաճառում է, ոչ նվիրում. «Բայց մեկ էլ տեսար՝ օր ծերության փող չունենամ, վաճառեմ»,-եզրափակեց նա։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հնարավորություն է տալիս նորից նվաճելու Եվրոպայի լիգայի գավաթը` այդ կերպ պատմական նվաճման հասնելով: Նման նվաճմանն առաջինը հասել է Ռադամել Ֆալկաոն, որը 2010թ. Դուբլինում կայացած եզրափակչում խփել է միակ գոլ:
Կոլումբացի ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս «Մոնակոյում», մնում է միակ ֆուտբոլիստը, որը գոլեր է հեղինակել եվրագավաթային երկու անընդմեջ` հաղթանակած եզրափակիչներում:
Հիշեցնենք` Մխիթարյանի` ՄՅՈւ-ից «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է հունվարի 22-ին: Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը` «Այաքս»-ի հետ եզրափակիչ խաղում դառնալով նաեւ գոլի հեղինակ (2:0):

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ` ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանը մեկնարկել է Ջիբրալթարի մրցաշարում: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը միջազգային կարգի վարպետ Անիտա Գարան էր: Արոնյանը խաղում էր սեւ խաղաքարերով:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել: Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի կմասնակցեն 50 երկրի 274 շախմատիստ, այդ թվում` 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն է:
Այն կեզրափակվի փետրվարի 1-ին:

 

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել էր հունվարի 17-ին, դուրս է գրվել Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Նրա վիճակը բավարար է: Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա էին կասկածում, նրանք նաեւ չէին բացառում, որ արտիստը կարող էր ախտահարվել վիրուսով: Կատարվել է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:
Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից:




Լրահոս