«Աշտարակ կաթ»-ն ընդդեմ անհատ ձեռներեցների. նոր սկանդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շարունակում է գործել, բայց այն չի շահագործվում Ափոյանների ընտանիքի կողմից: Ինչպես հայտնի է` այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը` փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայցեր է ներկայացրել ավելի քան 200 խանութպանների դեմ: Սնանկության գործով կառավարիչը պնդում է, որ տնտեսվարողները չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները եւ չեն վճարել իրենց դեռ 2016թ. մատակարարված կաթնամթերքի դիմաց: Մինչդեռ խանութպանները պնդում են, որ մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ գումարը վճարել են, այն էլ՝ պարտաճանաչ կերպով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանք այս առիթով փետրվարի 2-ին բողոքի մեծ ակցիա են անցկացնելու:

Այդ ձեռնարկատերերից է Արման Բաբայանը, ով «Աշտարակ կաթ» ընկերության հետ աշխատել է 12 տարի: Նրան պատկանող խանութը «Աշտարակ կաթ» ընկերությունից եւս կաթնամթերք է ստացել, դրա դիմաց կանխիկ վճարել է: Բայց այսօր ընկերության սնանկության գործով կառավարիչը` Խաչիկ Նազարյանը, պնդում է, որ Բաբայանը «Աշտարակ կաթ»-ին 1 մլն 343 հազար դրամի պարտք ունի: Այդ գումարը բռնագանձելու պահանջով Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` ընդդեմ Արման Բաբայանի: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հիմա նրա գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:
«2016 թվականին մեզ «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարչի կողմից ծանուցում եկավ, որ իբր մենք ընկերությանը ունենք 1 մլն 343 հազար դրամի պարտք: Գնացինք, ներկայացանք եւ հայտարարեցինք, որ ընկերության հետ պարտք-պահանջ չունենք: Հետո մեր կողմից առարկություններ ներկայացրեցինք: Մեր խանութը տվյալ ընկերությունից շաբաթվա մեջ երեք անգամ կաթնամթերք է ստացել եւ դրա համար կանխիկ վճարել է»,- պարզաբանեց անհատ ձեռներեցը:

«Ժողովուրդ»-ի հարցին` ինչու առաքիչը համապատասխան փաստաթուղթ չի տվել անհատ ձեռներեցին, Արման Բաբայանը արձագանքեց. «Ապրանքաշրջանառությամբ զբաղվող հարկվողները տարեկան 58 մլն դրամը չգերազանցելու դեպքում, կառավարության 2003 թվականի որոշմամբ հարկվում են 1.5 տոկոսով: Հետեւաբար, ես ԱԱՀ-ով աշխատող չեմ, որ հաշիվ փոխանցումով աշխատեմ կամ բանկային գործարքներ անեմ»:

«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի առաքիչներից անհատ ձեռներեցները տեղականք են վերցրել, որտեղ նշված է եղել, որ իրենք մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ տարբերակով են գումար վերցրել, որոնք էլ վճարել են ընկերության հաշվապահությանը: «Պարտք ու պահանջ չկա: Այդ ամբողջ փաստաթղթերը 2016 թվականին ուղարկել ենք եւ մեկ տարի ոչինչ չենք լսել: Ոչ մի տեղեկություն չստացանք: Բայց այս տարվա հունվարին դատարանից ծանուցում ենք ստացել, որ մեր գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված, եւ ընկերությունը ընդդեմ մեզ 1 մլն 343 հազար դրամի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան: Ես փաստաբան եմ վարձել, նաեւ պետք է դատական ծախսերը հոգամ: Ինքս վարկային պարտավորություն ունեմ, որը պետք է մարեմ, բայց չեմ կարողանում, որովհետեւ կալանքի տակ են հաշիվներս»,- զայրացած պատմեց տնտեսվարողը:

Խանութների տնօրենները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ անգամ այն առաքիչները, որոնք աշխատել են «Աշտարակ կաթ»-ում, ընկերության նկատմամբ պարտքեր չունեն կուտակած. «Եթե առաքիչը պարտք ունենար հիմնարկին, դա կնշանակեր, որ ինքը մեր վճարած գումարները չի փոխանցել ընկերության հաշվապահությանը»:

Տիկին Սուսաննան եւս, ում խանութը գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հայտնվել է նման անելանելի դրության մեջ: Ինքը եւս ծանուցում է ստացել այն մասին, որ «Աշտարակ կաթ» ընկերությանը մատակարարված կաթնամթերքի դիմաց պարտք է 300 հազար դրամ: «Մենք դատարանից նամակ ենք ստացել, որ 2016 թվականի փետրվարից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մատակարարված կաթնամթերքի դիմաց վճարում չենք կատարել: Բայց իրականում այդպես չէ, մենք վճարել ենք: Առաքիչը չի հրաժարվում հայտարարել, որ մենք վճարել ենք, անգամ տեղեկանք է տվել, որ ինքը բոլոր գումարները ստացել է: Մենք պարտք չենք, ինքն էլ այդ գումարը տարել, հանձնել է ընկերության հաշվապահություն»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նա:

Հուսանք` «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործերով կառավարիչը եւ, ընդհանրապես, ընկերության սեփականատերերն այս գործողություններով չեն փորձում անհատ ձեռնարկատերերի հաշվին իրենց ֆինանսական խնդիրները լուծել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս