Անտառից կտրուկ իջնելու ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և գլորվել ձորակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր դատական նիստ, սակայն մեղադրողի բացակայության պատճառով չկայացավ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանի դատավարության առաջին նիստը: Նա 2017թ. սեպտեմեբերի 18-ին` ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Ազատ Բաղդասարյանի հետ «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Հաղարծին տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից: Ուշագրավ է, որ «ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչ այժմ չեն պարզել:

Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ, վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր, Ազատի եղբայր, անչափահաս Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հավելեմ, որ Ազատ Բաղդասարյանը ապօրինի ծառահատում էր կատարել ազգային պարկի տարածքում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս