Միջգերատեսչական կռիվների ոդիսականը. Ճվճվ Արոյի որդիներից մինչև Ալավերդցի Վահագ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի, Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի եւ առաջիկայում այլ պաշտոնատար անձանց կալանավորումները բավականին խորը արմատներ ունեն: Բանն այն է, որ իրավապահ համակարգում բուն դրած կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառը եղել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ միջգերատեսչական կռիվը:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից

2018 թվականի սկիզբն իրավապահ համակարգի համար «նշանավորվեց» միջգերատեսչական հերթական բախմամբ: Բանն այն է, որ հունվարի 8-ին Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել էին BMW X6-ը եւ ոստիկանության ծառայողական մեքենան, ինչի արդյունքում ՃՈ երկու ծառայողները` Արեգ Դավթյանը, Խաչիկ Գասպարյանը, մահացել էին: Վթարի կիզակետում էին հայտնվել Երեւանի ավագանու նախկին անդամ, կրիմինալ պատմություններով հայտնի Ճվճվ Արոյի` Արա Վարդանյանի որդին` Սարգիս Վարդանյանը, որին դեպքից երկու օր անց կալանավորեցին:

Այդ դեպքից հետո իրավապահները կալանավորեցին Ճվճվ Արոյի մյուս որդուն՝Սերժ Վարդանյանին, կողոպուտի եւ բռնության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Եվ, ահա, արձանագրենք, որ հունվարի 8-ի ավտովթարը, ինչպես նաեւ ՃվճՎ Արոյի տղաների քրեական պատմությունները երկու իրավապահ մարմինների միջեւ դարձան կռվախնձոր, երբ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր դիմացինի վրա գցել պատասխանատվությունը: Բանն այն է, որ ոստիկանությունը քննաչական կոմիտեին էր մեղադրում տղաներին պատասխանատվության չենթարկելու մեջ, իսկ կոմիտեն էլ իր փաստերն էր առաջ քաշում` ցույց տալով, որ ամեն ինչ արել է օրենքի շրջանակներում, եւ կատարվածի պատասխանատուն ոստիկանությունն է:

Սակայն այս ընթացքում կռիվը ավելի է խորացել, եւ իրավապահ համակարգում սկսվել են խոսակցություններ, թե Ճվճվ Արոյի որդիները «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի թոռներն են, իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը բավականին մտերիմ է Գազի Կոլյայի հետ: Ուստի դա է պատճառը, որ տղաները, մշտապես հայտնվելով քրեական պատմությունների կիզակետում, ջրից չոր են դուրս եկել: Ասել է, թե ոստիկանությունը հասկացրել է ՀՀ քննչական կոմիտեին, թե իրենց թեթեւ ձեռքով է, որ անպատժելիության հետեւանքով անմեղ կյանքեր են գնում:

Միջգերատեսչական կռվի երկրորդ սերիան

Ահա միջգերատեսչական այդ գզվռտոցն էլ պատճառ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն բացի խաղաքարտերը եւ ցույց տա, թե ով ում է հովանավորում, եւ ինչու է մեր երկրում անպատժելիության մթնոլորտ տիրում: Այսպիսով` հունվարի 11-ին կալանավորվեցին Գազի Կոլյայի թոռները, իսկ ահա նրանց կալանավորումից 7 օր անց կալանավորվեց քրեական հեղիանակություն Վահագն Աբգարյանը` սպանություն կազմակերպելու եւ հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով: Վերջինիս կալանավորումից հետո ինֆորմացիոն արտահոսք եղավ, թե քրեական հեղինակությանը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության է գնացել ՀՀ ոստիկանապետի եղբայրը: Ասել է, թե չնայած կոմիտեն քրեական հեղինակության կալանավորման արդյունքում փաստի առաջ կանգնեցրեց իր քննիչներին, սակայն ցանկացավ ցույց տալ, որ տարիներ շարունակ Վահագն Աբգարյանը գտնվել է հենց ոստիկանության հովանավորության ներքո, ուստի մյուս իրավապահ համակարգին մեղադրելուց առաջ թող իրերին ու դեպքերին ճիշտ որակում տան: Դատելով տրամադրություններից` այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, եւ նորանոր նման տեսարանների ականատես կլինենք:

Դատախազությունը` որպես դիտորդ

Այն, որ այս իրավիճակում ՀՀ գլխավոր դատախազությունը պարզապես դիտորդ է, անհերքելի փաստ է, սակայն չմոռանանք կարեւորի մասին, եթե Լոռու մարզի քննիչները, ոստիկանության պաշտոնատար անձինք քրեական հեղինակությունների հետ հանցավոր կապ մեջ են եղել, ապա ո՞ւր էին մարզային դատախազները, արդյո՞ք կատարվածում նրանք իրենց մասնաբաժինը չունեն:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով աղմակահարույց այս գործի շրջանակներում դատախազների հնարավոր մասնակցության եւ պատասխանատվության հարցին, վստահեցրեց, որ իրականացվելու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: Ա. Դավթյանը նախ հիշեցրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության գործով նախաքննությունը Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր գործը վերահսկող դատախազին, սակայն վերջինս այն չէր հաստատել՝տեսնելով խնդիրներ գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ եւ ուղարկելով լրացուցիչ նախաքննության: «Իմ կողմից վերցվել է գործն ու ուղարկվել քննչական կոմիտե` նախաքննությունը ՀԿԳ վարչությունում շարունակելու առաջարկով, ինչն էլ բավարարվել է, եւ այս բացահայտումներն ունեցանք:

Պաշտոնատար անձանց կողմից հնարավոր հանցավոր մասնակցությունը պարզելու համար հարուցված է քրեական գործ, այս պահին ունենք մեկ մեղադրյալ, եւ եւս մեկը ձերբակալված է, վստահեցնում եմ՝ իրականացվելու է բազմածավալ քննություն` հնարավոր բոլոր անձանց ներգրավվածությունը բացահայտելու համար, ցանկացած անձ, ով դրանում համապատասխան մասնակցություն է ունեցել»: Այն, որ Լոռու մարզի դատախազի տեղակալն է գործը հետ ուղարկել եւ այն թերի համարել, դա փաստ է, բայց ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում:
Խոսենք փաստերով

2017 թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Վլադիմիր Դավթյանը սպանել էր Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է:
Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի զենքի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: 2 ամիս քննությունից հետո` 2017թ. սեպտեմբերի 15-ին, քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող, Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:

Այստեղ հարց է առաջանում. նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող, Լոռու մարզի դատախազի տեղակալը երկու ամիս քննության ընթացքում մի՞թե չէր ծանոթացել քննիչի կողմից կատարած գործողություններին, համապատասխան ցուցումներ չէ՞ր տվել, վերահսկողություն չէ՞ր իրականացրել եւ միայն քննության ավարտից հետո հասկացա՞վ, որ քննիչը թերի քննություն է տարել: Իրականում համադրելով փաստերը` նկատենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակեցին Վահագն Աբգարյանի թիմակիցների վրա, եւ այս ամենից հետո` սեպտեմբերի 23-ին, նոր նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող, Լոռու մարզի դատախազի տեղակալն արձանագրեց, որ քննությունը թերի է կատարվել: Եվ ահա այս փաստերն էլ համադրելով` պարզ է դառնում մեկ բան, որ մի ամբողջ մարզային համակարգ թաթախված էր կոռուպցիայի մեջ:

Տաթեւ Հարությունյան