Ավագանու անդամները դատի են տվել կառավարությանը

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության` 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, ըստ որի` դադարեցվել են համայնքի ավագանու այդ 5 անդամների լիազորությունները: Նշենք, որ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել:

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Ազատամուտի ավագանու` արդեն նախկին անդամ, մասնագիտությամբ շինարար Ալիկ Էլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ` ճիշտ չէ այն տեղեկությունը, որ ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից, իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել: Ա. Էլարյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե մարտի 11-ին Ազատամուտում ավագանու ընտրություններ են, վարչական դատարանը մինչ այդ կհասցնի՞ իրենց հայցով որոշում կայացնել, պատասխանեց. «Հայաստանի դատարաններից դժվար է գլուխ հանել»: Ա. Էլարյանը դեռ չի որոշել` արդյո՞ք մարտի 11-ի ընտրություններում իր թեկնածությունը դնելու է, թե՞ ոչ:

Մինչ այդ, սակայն, տեղեկացնենք, որ Ազատամուտի ավագանու անդամները նիստերին շատ քիչ էին ներկայանում, քանի որ համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանը ավագանու անդամներին չի տրամադրել համայնքի` 2016թ. ծախսերի, 2017թ. բյուջեի մասին տեղեկատվությունը, չի փոխանցել այն անձանց անունները, ովքեր համայնքի բյուջեից աշխատավարձ եւ սոցիալական օգնության գումարներ են ստացել: Հավելենք, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» ենթաբաժնում ներկայումս տեղադրված են Ազատամուտի ավագանու 9, այդ թվում` ավագանու նշված 5 անդամների անունները:

Ո. Սարգսյան
Տավուշ