Իրավապահներին ի՞նչ բովանդակությամբ հաղորդում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը

Ինչպես հայտնի է` երեկ Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո «Երկիր Ծիրանին» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՀՀ ոստիկանապետին և Մարդու իրավունքների պաշտպանին: ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը նյութեր նախապատրաստել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ հաղորդում ստացվել է նաև Երևանի քաղաքապետարանից, դեպքով հետաքննություն է կատարվում: Մեր հարցին` ինչ բովանդակություն ունի քաղաքապետարանի հաղորդումը, ոստիկանությունից հրաժարվեցին մանրամասնել:

Սակայն հարկ է նկատել, որ երեկ երեկոյան քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. ««Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն»:

Ըստ երևույթին` քաղաքապետարանի հաղորդումը եղել է այս ենթատեքստով: Իսկ թե ինչու է ոստիկանությունը այն գաղտնի պահում, դժվար է ասել:

Համենայնդեպս, Զարուհի Փոստանջյանի հաղորդման տեքստը հրապարակվել է:

«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը եւ մի քանի այլ անձիք:

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել եւ շրջափակել էին նիստերի դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»: