ՀԵՌԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ հայտարարել է, թե ՀՀ կառավարության գործադրած ջանքերը նախադրյալներ են ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար: «Եվ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը»,- ասել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ վերջին տարիներին ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը: Եւ սա միանգամայն հասկանալի պատճառներով. Հայաստանը ներդրումների համար այնքան էլ շահեկան երկիր չէ անգամ իր տնտեսական հիմնական գործընկեր ՌԴ-ի համար, որից մեծ կախվածության մեջ է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016թ. ընթացքում ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն 26.2 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել: 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ էլ /տարեկան ցուցանիշները դեռ չեն ամփոփվել ու հրապարակվել/, ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն արտահոսք է եղել՝ 17.1 մլրդ դրամի չափով: Այնպես որ, իրավիճակը մտահոգիչ է, այլ ոչ թե ոգեւորիչ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին: Հիշեցնենք` Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում երեք օր առաջ քրեական գործ հարուցվեց խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով, եւ հիմա այն նախաքննության համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դեռեւս ծանուցումներ չեն ստացել ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու:

 

 

 

Տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները, սակայն այդ ամենն իր արտացոլումը չի գտել Հայաստանում: Շոկոլադ ներկրող ընկերությունները համառորեն չեն պատրաստվում նվազեցնել սակագները: Մինչդեռ, նկատենք, 2013-2015թթ., երբ համաշխարհային շուկայում դեֆիցիտի պատճառով բարձրացան կակաոյի գները` հասնելով մեկ տոննայի դիմաց 3500 դոլարի, Հայաստանում եւս գնաճ սկսվեց. շոկոլադ ներկրող ընկերություններն իրենց քայլը պատճառաբանում էին հումքի թանկացմամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այսօր շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Իսկ տեղական արտադրողներից «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Այնպես չէ, որ ամեն բան միայն կակաոյի ցածր կամ բարձր գնով է պայմանավորված: Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք եւս իրենց ազդեցությունն ունեն շոկոլադի գնի վրա. շաքարի, կաթի փոշու, կաթի գները եւս մեծ ազդեցություն ունեն»:

 

 

Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպման մանրամասներին, պատմել է. «Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ»: Մատիրոսյանը նաեւ պատմել է, որ Ս. Սարգսյանի մոտ ինքը բարձրացրել է ԼՂ խնդրում խաղաղության պայմանագիր կնքելու հարցը: «Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասաց Մարտիրոսյանը:

 

 

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ
Վերջապես հայտնաբերվել է Հայաստանում բոլոր խնդիրների պատճառը` լրատվամիջոցներն ու լրագրողները: Նրանք մեղավոր են արտագաղթի ծավալների համար, քանի որ գաղջ մթնոլորտ են տարածում /այդպես էր պնդում Սերժ Սարգսյանը/, մեղավոր են, որ տնտեսությունը չի զարգանում, որ կառավարության նիստերում հարցերը լիարժեք չեն քննարկվում, որ ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություններ է կրում: Լրագրողներն են մեղավոր, որ Երեւանի ավագանու նիստերին ՀՀԿ-ականներն իրենց ամենավերջին խուլիգանի նման են պահում, հարձակվում եւ ծեծում են ընդդիմախոսներին, որ պարոն Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է անձնական հարստություն դիզելով, եւ որ այդ հիմնարկում առանձնակի տեմպերով տարածվում եւ զարգանում է թղթախաղը: Կարճ ասած, լրագրողները մեղավոր են այս երկրի բոլոր դժբախտությունների համար:
Եւ ահա մեղքերի այս շարանին ավելացել է եւս մեկը. լրագրողները նաեւ մեղավոր են, որ բարձրաձայնում են Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն իր հարցազրույցում, անդրադառնալով պետական պարտքի առհելի չափին, երբ հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը, եւ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս պետք է վճարվի այն, ասել է. «Լրագրողներն են սա ավելի խնդրահարույց սարքել: Այն շատ սովորական, չափազանց սովորական խնդիր է: Մենք մշտապես հրապարակում ենք մեր պարտքի մարումների գրաֆիկը, եւ այդ երկու պիկերը՝ 2020 եւ 2025 թթ.-ին, դրանք կապված են մեր թողարկած պարտատոմսերի հետ: Հենց ժամանակը գա, մենք, ամենայն հավանականությամբ, նոր թողարկում ենք անելու»։
Մարդը հսկայական պարտքի կուտակումը սովորական գործընթաց է որակում: Փաստորեն իշխանությունները տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում են երկրի պետական պարտքը, ընդ որում, մի իրավիճակում, երբ տնտեսությունը հազիվ է շնչում, պետական բյուջեն գերմարդկային ջանքերի շնորհիվ է հավաքագրվում: Ու երբ լրագրողները փորձում են մտահոգություն հայտնել, ընդ որում, միանգամայն արդարացված, հանկարծ մեղադրում են այդ թեման «խնդրահարույց» սարքելու համար:
Այս տրամաբանությամբ, իհարկե, կարելի է բոլոր խնդիրները վերացնել` փակելով լրատվամիջոցները, բայց դրանից, միեւնույն է, իրականությունը չի փոխվի. իշխանությունը լեգիտիմ չի դառնա, օրենքներն ու արդարադատությունը չեն գործի, կոռուպցիան չի վերանա, տնտեսությունը չի աճի, եւ ոչ էլ պետական պարտքի չափը կնվազի: Այնպես որ, կկուն հոտած է, գիտի բույնն է հոտել:




Լրահոս