«Ալբերտ Մկրտչյանը բացահայտեց շատերին ծանոթ, բայց չմարսված աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին կյանքից հեռացավ կինոռեժիսոր, բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։ Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետադարձ հայացք է նետել նրա թողած ժառանգությանը։ Կինոգետի դիտարկումները ներկայացնում ենք ստորեւ։

Ինչո՞ւ է Ալբերտ Մկրտչյանի կինոն ուրիշ

1960-ական թվականներից հետո հայ կինոյում վերելքի տարիներ էին։ Ալբերտ Մկրտչյանը երիտասարդ էր, սակայն վստահ քայլերով մտավ այդ դաշտ։ Լինում են առաջին ֆիլմեր, որոնք մեծ աղմուկ են հանում, սենսացիա են անում, միանգամից հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում, ինչպես դա եղավ Մալյանի, Դովլաթյանի, Փարաջանովի, Փելեշյանի անդրանիկ ֆիլմերի դեպքում։ Բայց Ալբերտ Մկրտչյանի պարագայում ամեն բան այլ էր։ Նա իր հետ բերեց շատերին ծանոթ, բայց մինչեւ վերջ «չմարսված» աշխարհ։ Ալբերտ Մկրտչյանին մի կողմից օգնության հասավ եղբայրը՝ Մհեր Մկրտչյանը, մյուս կողմից՝ գյումրեցի լինելու հանգամանքը։ Ռեժիսորը շատ լավ գիտեր այդ քաղաքի առանձնահատկությունները եւ հենվեց իր սեփական նյութի վրա, բերեց յուրատեսակ կոլորիտ, ազգայինի նոր ոճ։ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» իսկապես մեծ երեւույթներ են, որոնք հիշեցնում են մեր անցյալը, այն հենարանը, որի վրա մեր ազգը գոյություն ունի, իսկ Գյումրին հենց այն քաղաքն է, որը տալիս է դրա հնարավորությունը։ Գյումրին տալիս էր նյութը, ինքն էլ Գյումրիին նվիրում էր իր ֆիլմերը։

Եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հետ կարծես վախենում էր աշխատել

Ալբերտ Մկրտչյանն այն ռեժիսորն էր, որի ֆիլմերում Գալյա Նովենցը բացահայտվեց որպես հանճարեղ դերասանուհի։ Յուրահատուկ էին եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հետ հարաբերությունները կինոհրապարակում։ Ես մի անգամ Ալբերտ Մկրտչյանին ասել եմ, որ իր ֆիլմերում իր եղբայրն իրեն կաշկանդում էր, նա կարծես վախենում էր ուղղություն տալ Մհեր Մկրտչյանին։ Ալբերտ Մկրտչյանը կարծես քաշվում էր, չէր ուզում դիտողություն անել եղբորը (ծիծաղում է)։

Հայ կինոյում օլիգարխի կերպարը առաջինը կերտվել է նրա ֆիլմում

Ալբերտ Մկրտչյանը մի ֆիլմ ունի՝ «Կյանքի լավագույն կեսը», որը կապված չէր ազգայինի կամ Գյումրիի կոլորիտի հետ։ Այն երկու ընկերների մասին է, որոնք տարիներ անց գտել են միմյանց։ Մեկը դարձել է օլիգարխ, իսկ մյուսը համեստ մարդ է։ Այդ օլիգարխի կերպարը հայ կինոյում առաջին անգամ կերտվեց հենց նրա ֆիլմում։ Վերջերս, երբ հանդիպել էի Ալբերտ Մկրտչյանի հետ, նրան ասացի, որ ուսանողներիս հաճախ եմ ասում այդ մասին։ Սա, կարելի է ասել, բավական «հեռատես» ֆիլմ է, բացահայտում է օլիգարխի էությունը։ Հետաքրքիր է, որ 1979-ին նկարահանված ֆիլմը այսօր էլ արդիական է։ Ի դեպ, ասեմ, որ ֆիլմը դժվարությամբ ընդունվեց Մոսկվայի կողմից։ Խոչընդոտները կապված էին հենց օլիգարխի կերպարի հետ։ Դա նոր տիպի հերոս էր։ Բայց հիշում եմ, որ Ալբերտն ասում էր. «Ես ատում եմ այդ տեսակին»։ Երեւի ինքն էլ ժամանակին չի գիտակցել, որ գալու է մի ժամանակ, երբ օլիգարխների ձեռքում է լինելու ամեն ինչ։

Ալբերտը լավ տղա էր

Նա, իսկապես, լավ տղա էր, լավ կոլեգա եւ ընկեր։ Բավական համեստ էր, չէր օգտվում իր եղբոր փառքից։ Շատ եմ ցավում, որ կորցրինք պրոֆեսիոնալի։

Հ.Գ. Ալբերտ Մկրտչյանը որպես ռեժիսոր հանդես է եկել հետեւյալ ֆիլմերում` «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ պետական մրցանակ), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) եւ այլն: Թատրոնում բեմադրել է Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» եւ այլ պիեսներ: 2000թ. պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2012թ.՝ «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երեւանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս