Եթե երկու տղամարդ պետք է ինքնասիրության հարց պարզեն, ապա հաստատ կլինի աչքի տակ կապտուկով. Սոս Ջանիբեկյանը՝ Մհեր Մկրտչյանի հետ վիճաբանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից համացանցում թեժ բանավեճ է դերասան Սոս Ջանիբեկյանի եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի միջեւ: Դերասան Սոս Ջանիբեկյանին զայրացրել է այն փաստը, որ ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում հաճախ է քննադատության ենթարկում իշխանությանը եւ առհասարակ հայկական իրականությունը:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչու է դերասան Սոս Ջանիբեկյանն այդպես քննադատաբար մոտեցել ռեժիսորի հայտարարություններին: Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, թե պարզապես չի  սիրում ամեն ինչ քննադատող, ամեն ինչ հայկական իրականության եւ հայկական հնարավորությունների մեջ քննադատող մարդկանց:

«Բոլորս էլ գիտենք, որ ուժեղ ռեժիսորները Հոլիվուդում են, դերասաններն էլ, երաժիշտներն էլ, Մոցարտն էլ ուրիշ տեղ է եղել, մի խոսքով՝ մենք մեր իրականության մեջ ենք ապրում, իսկ մեր իրականության մեջ ամեն ինչ քննադատելով չէ կամ եթե քննադատում ես, մի բան արա, նոր քննադատի: Անկեղծ ասած, ես շատ եմ սիրել «Կյանք ու կռիվ» ֆիլմը եւ հիացական խոսքեր եմ ասել իրեն՝ Մհերին Մկրտչյանին: Ես շատ էի ուզում նկարահանվել իր ֆիլմերից մեկում, իրեն հաղորդագրություն եմ գրել, որ խնդրում եմ, եթե քաստինգ լինի ինձ կանչեք, ես էլ նկարահանվեմ»,-նշեց նա:

Սոս Ջանիբեկյանի խոսքով, նա հարգում է Մհեր Մկրտչյանի աշխատանքը «Կյանք ու կռիվ» ֆիլմում, բայց չի կարող թույլ տալ՝ փնովեն այն, ինչ կա հայկական իրականությունում:

«Եթե դու լավ բան ես անում եւ կարողանում ես այնպիսի բան անել, որ բոլորը սիրեն  եւ դու հեղինակություն ես սկսում վայելել, ապա պետք է ավելի բարի ու մեծահոգի լինել: Ոչ թե ամեն ինչ քննադատես, այլ սկսես ոգեշնչել, դուխ տալ, ուղղորդել, թեւ ու թիկունք լինել նրանց, ովքեր նույնպես ուզում են լավ բան անել:  «Տղա՛ ջա ն, դու մի քանի լավ բան ես արել, լավ ֆիլմեր ես նկարել, քեզ լավ բան արած մարդու պես պահի, քեզ մեծահոգի, սովորեցնող պահի, քեզ դուխ տվող պահի, ոչ թե հակառակը՝ չարախոսող, բամբասող կամ մարդկանց հետեւից խոսա: Տղա second floor-ում, որ հովանավորներից գումար էիր ուզում «Լյուդվիգ անունով ոզնի» ֆիլմը նկարելու համար, երբ դու պետք է հեղափոխության մասին «Դուխով» ֆիլմ նկարահանեիր: Դու հիմա նկարում ես, ըստ տեղեկությունների, «Իշխանություն» վերնագրով ֆիլմ, որը հակահեղափոխության մասին է: Ես ոչ հեղափոխության ջատագովն եմ, ոչ էլ հակահեղափոխության: Հաստատ գիտեմ, որ լավ եղավ, որ անցանք այն շրջանը ու ինչ լավ է, որ եղավ այս հեղափոխությունը, բայց նաեւ գիտեմ, որ այստեղ էլ սխալներ կլինեն, եւ ինչ-որ օր կգա, որ այստեղ էլ դժգոհություններ կունենանք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Դերասանի կարծիքով՝ արվեստագետը պետք է առաջնորդվի գաղափարախոսություններով, պետք է տեր լինի իր սկզբունքներին, ոչ թե մի օր «Կարմիր գլխարկի գայլի» կողմն անցնի, մի օր «Կարմիր գլխարկի»:

«Այստեղ հարցն այն է, որ դու արվեստագետ ես , ունես քո գաղափարախոսությունները, սկզբունքներն ունեցիր, տեր եղիր, իհարկե կյանքը գնում է առաջ, կարող է քո կարծիքները փոխվեն, բայց չես կարող մի օր  Կարմիր գլխարկի գայլին պաշտպանես, մի օր էլ Կարմիր գլխարկին: Պետք է ինչ-որ արժեհամակարգ ունենաս՝ որպես արվեստագետ, որպես մտավորական, մանավանդ լավ արվեստագետ, որն այդպես չքնաղ երկու ֆիլմ է նկարել»,-ասում է նա:

Հարցին, թե այս բախումները մինչեւ ուր կարող են հասնել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Դե՛, ես ճիշտն ասած հայաթի տղա եմ, ամբողջ կյանքիս ընթացքում հայաթի կանոններով եմ ապրել, հայաթում ծեծ եմ կերել, ծեծել եմ, եթե հասնի բանը նրան, որ պետք է երկու տղամարդ ինքնասիրության հարց պարզենք, դա պետք է լինի, միանշանակ, աչքի տակի կապտուկով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս