ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՎ, ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի Արմեն Սարգսյանին: Մինչ այդ, սակայն, իշխանությունները հասցրին ապականել նաեւ այս գործընթացը` կասկածի տակ դնելով Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եւ, ընդհանրապես, պետք է նկատենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Դրան գումարած ընտրությունների ժամանակ աղաղակող կեղծիքները եւ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որից հետո նրա ձեռքին կենտրոնացավ ողջ իշխանությունը: Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը, բացի այդ` կեղծված նախագահական ընտրություններին հաջորդեց մարտի 1-ի սպանդը:
Հիմա էլ խնդիր կա Արմեն Սարգսյանի հետ. այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ դեռ ուժի մեջ չի մտել նախագահի ընտրության կարգին առնչվող Սահմանադրության 125-րդ հոդվածը: Խնդրի սահմանադրականության վերաբերյալ պարզաբանում պետք է տար ՍԴ-ն, քանի որ բացառապես այս մարմինն է օժտված նման լիազորությունով. այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը տապալվեց: Եւ բացի այդ` երեկ խորհրդարանում բացահայտ կասկածի տակ դրվեց Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ունենալու հանգամանքը: Բրիտանիայի նախկին քաղաքացին փաստորեն հավակնում է դառնալ ՀՀ նախագահ:
Այսպիսով` ՀՀ իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ լեգիտիմության դեֆիցիտով:

 

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը թեեւ գործում է ընդդիմադիր դաշտում, անգամ անխնա քննադատում կառավարությանը, սակայն կարեւոր հարցերում պաշտպանում է իշխանություններին: Այդպես եղավ նաեւ ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության գործընթացի հետ կապված, երբ նրանք հայտարարեցին կոալիցիայի առաջադրած թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, այս խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է. «Եթե մենք անաչառ ենք մեր հարաբերություններում, մեր վերաբերմունքում, եղել են բազմաթիվ անգամներ, երբ մեր առաջարկությունները ընդունել է ՀՀԿ-ն, ընդունել է ընդդիմադիր «Ելք»-ը, եւ մենք չպետք է դա համարենք կաշկանդող հանգամանք: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ բոլոր քաղաքական ուժերը կոնսոլիդացվում են: Սա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ»: Նա նաեւ պնդել է. «Մենք հանրային ցավալի սխալ ընկալում ունենք: Տպավորություն կա, թե ընդդիմություն նշանակում է քարերով հարվածել իշխանությանը: Դա ամենեւին այդպես չէ»:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին: Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երեւանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը այլ գերատեսչությունների համար այս ընկերությունից տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ն մոտ 5 հազար դրամ արժեքով: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեից Արամ Հարությունյանին պատկանող ընկերությանը վճարվել է 148 մլն 20 հազար դրամ: Իսկապես, հիանալի բիզնես է. ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը եւ հիմա հարստանում է պետության հաշվին:

 

 

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրինագիծը` արձանագրելով. «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»:

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ
Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մանրամասներ է հայտնել հայեցակարգի վերաբերյալ` տեղեկացնելով, որ «Ինժեներական քաղաքը» կտեղակայվի Երեւանի Բագրեւանդի փողոցի վրա: Քաղաքի ստեղծմանն ուղղված ներդրումները, Կարայանի խոսքերով, կազմելու են 21.2 միլիոն դոլար, որից 10.5 միլիոն դոլարը համաֆինանսավորումն է Համաշխարհային բանկի՝ «Առեւտրի եւ որակի ենթակառուցվածքի խթանման» վարկային ծրագրի շրջանակներում, իսկ մնացածը մասը կներդրվի National instruments կոնսորցիումի կողմից:
Հայաստանի կառավարության համառությանն իսկապես կարելի է նախանձել: Տեւական ժամանակ է` գործադիրն իրար հետեւից մշակում եւ ընդունում է զարգացման մասին հայեցակարգեր: Մեկ Հայաստանը դարձնում են Սինգապուր, մեկ՝ Եվրոպա, մեկ՝ բիզնեսի առումով նախանձելի երկիր եւ այսպես շարունակ: Բնականաբար, ամեն անգամ այդ ծրագրերի վրա հսկայական միջոցներ են ծախսում, բայց անօգուտ. ծրագրերն այդպես իրականություն չեն դառնում:
Ընդ որում, միայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չէ, որ որդեգրել է այս գործելաոճը: Նախկինում էլ Տիգրան Սարգսյանի կառավարությունն էր պարբերաբար հանդես գալիս աշխարհացունց ծրագրերով: Հիշում եք` Գյումրին վերածում էին տեխնիկական կենտրոնի, Դիլիջանը` դարձնում ֆինանսական կենտրոն, հետո Ջերմուկը փորձեցին տուրիզմի կենտրոնի վերածել եւ այսպես շարունակ: Հիշում եք նաեւ այս նախաձեռնությունների ճակատագիրը. ծրագրերը մնացին օդում կախված: Իհարկե, այդ ընթացքում ահռելի գումարներ ծախսվեցին (որոնց մի մասը հոսեց նույն այդ պաշտոնյաների գրպանները), իշխանություններն իրենց PR-ն արեցին եւ վերջ:
Դժվար չէ ենթադրել՝ նույնն է լինելու նաեւ այս դեպքում: Իհարկե, Կարեն Կարապետյանը խոստացել էր շուռ տալ աշխարհը, եւ հիմա այդ շրջանակներում պարբերաբար տարբեր ծրագրեր են ներկայացնում: Բայց արի ու տես, որ ապարդյուն. չէ՞ որ մինչեւ հիմա Կարեն Կարապետյանի հռչակած ծրագրերի՝ «դմփոց ռեֆորմների» մեծ մասն այդպես էլ չի իրագործվել, նրա հանձնարարականները չեն կատարվել: Էլ ուր մնաց իրագործվի ինժեներական քաղաք կառուցելու ծրագիրը: Լավագույն դեպքում կստեղծվի մի գրասենյակ, որտեղ Կարեն Կարապետյանի մերձավորներից մեկը կդառնա տնօրեն, տեւական ժամանակ կստանա ահռելի աշխատավարձ, մի քանի ձեւական քայլ կանի եւ վերջ, ու այս ինժեներական քաղաքն էլ կմոռացվի, ինչպես դրա նախորդները:




Լրահոս