ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 270 հազար կին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 270.000 կին, որոնցից 85%-ը՝ զարգացող երկրներում: Աշխարհն այսօր պատվաստումների և սկրինինգային հատազոտությունների համակցումով փորձում է հաղթահարել չարաբաստիկ այդ հիվանդությունը։ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Միայն 2016 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 243 առաջնային դեպք, որից 153-ը (59.5%)` 3-րդ և 4-րդ

փուլերում, իսկ 2016թ. արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության 127 դեպք:2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում ևս իրականացվում են պատվաստումներ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ /ՄՊՎ/: Մինչ օրս հանրապետությունում պատվաստվել է 301 աղջիկ,
որոնց մոտ չի դիտվել որևէ հետպատվաստումային ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

Ցավոք, դեռ մինչև ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրումը մեր երկրում ոչ մասնագետների կողմից շրջանառվեցին անհիմն, գիտականորեն չապացուցված փաստեր այն մասին, թե իբր այդ պատվաստումը վտանգավոր է և կարող է տարբեր հետևանքներ ունենալ։ Ինչպես և հայտարարվել էր, առաջինը նախարարության աշխատակիցների 14 տարեկան աղջիկներն են պատվաստվել, ընդ որում՝ լրագրողների ներկայությամբ։ Մի քանի օր առաջ նրանց թիվը համալրել է բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի դուստրը։ ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կանխարգելում է մի շարք օրգանների, այդ թվում՝ արգանդի պարանոցի քաղցկեղը:

Հետևաբար, Ձեր երեխային այսօր պատվաստելով ՄՊՎ-ի դեմ, ապագայում նրան կպաշտպանեք մի շարք օրգանների (կոկորդի, շնչափողի, ուղիղ աղու, լեզվի հիմքի, նշագեղձերի և արգանդի պարանոցի) քաղցկեղից:




Լրահոս