Ամորձատված խորհրդարան. պատգամավորներին արգելվելու է ներկա գտնվել Կառավարության նիստերին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում իշխանությունները միաբերան համոզում էին, թե այդկերպ բարձրացնում են խորհրդարանի դերը:
Հետագա գործընթացները եկան ապացուցելու միանգամայն հակառակը, եւ որ միանշանակ ճիշտ էին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի պնդումները, թե այդ գործընթացի նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, ուրիշ ոչինչ: Ապացուցվեց, որ խորհրդարանի դերն այս ընթացքում ոչ միայն չբարձրացավ, այլեւ ԱԺ-ն վերածվում է արդեն ոչ թե կառավարության կցորդի, այլ գործադիրի կույրաղիքի:
Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին ԱԺ-ն դարձել է կառավարության կամակատարը, միակ գործառույթը կոճակ սեղմելն է՝ հլու-հնազանդ վավերացնելով բերված օրինագծերը:

Նոր Սահմանադրության պայմաններում խորհրդարանին ուղղված ապտակ էր ազգային անվտանգության խորհրդի կազմից ԱԺ նախագահին դուրս թողնելը:
Հիմա ԱԺ-ին պատրաստվում են հասցնել եւս մեկ ապտակ, շատ ավելի նվաստացուցիչ ու դաժան. ՀՀ արդարադատության նախարարությունը «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծում պատրաստվում է ամրագրել դրույթ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին, մինչդեռ հիմա պատգամավորներն ունեն նման իրավունք: Բայց նոր օրենքով այդ իրավունքը կհանվի: Ավելին` կառավարության նիստին մշտական մասնակցության հնարավորություն սահմանված չէ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի, Երեւանի քաղաքապետի, գլխավոր դատախազի համար: Այս պաշտոնյաները կառավարության նիստերին կարող են մասնակցել վարչապետի հրավերի դեպքում. նույնը հավանաբար կլինի նաեւ ԱԺ պատգամավորների պարագայում:

Համաձայնեք` խորհրդարանին մինչեւ վերջ նվաստացնելու ավելի դաժան եղանակ դժվար էր մտածել: Բայց շատ ավելի դաժան է այն փաստը, որ ԱԺ պատգամավորներին իրավունքներից զրկում են իրենց իսկ ձեռքով` պարտադրելով կողմ քվեարկել այդ օրինագծին: Սա նույնն է, թե պատգամավորներին ստիպեն ստորագրել իրենց գնդակահարության վճիռը:

Այնինչ` խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում ենթադրվում էր լայն լիազորություններ հենց խորհրդարանի անդամների համար: Առավել եւս, երբ այդ լիազորությունը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգի առանցքային մարմիններից մեկը՝ օրենսդիրը, դիտորդի կարգավիճակով մասնակցում է գործադիրի նիստերին, եթե, իհարկե, մասնակցում են: Այս ընթացքում հատուկենտ պատգամավորներ են, որ ներկա են գտնվել կառավարության նիստերին:




Լրահոս