Ինչպե՞ս հանգուցալուծվեց Սունդուկյան և «Գոյ» թատրոնների տնօրենների տարաձայնությունը

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ նույն տարածքում գործող «Գոյ» թատրոնների միջեւ վերջերս տարաձայնություն ի հայտ եկավ՝ կապված կոմունալ ծախսերը վճարելու սիստեմի հետ։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նամակ էր գրել «Գոյ»-ի տնօրեն Սարգիս Չոլոյանին՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից չեն պատրաստվում վճարել նրանց կոմունալ ծախսերը եւ առաջարկելով, որ նրանք դառնան առանձին բաժանորդ։

«Ինչո՞ւ պետք է Սունդուկյան թատրոնը վճարի ուրիշ թատրոնի ծախսած հոսանքի համար»,-նման հարցադրում է անում Վարդան Մկրտչյանը։ Նա նշում է, որ «Գոյ»-ի տնօրենին մի քանի անգամ բանավոր զգուշացում կատարելուց հետո նոր միայն դիմել է իրավաբաններին։ Ի դեպ, Վարդան Մկրտչյանի նամակը «Գոյ» թատրոնը հրապարակել է ֆեյսբուքյան էջում՝ հետեւյալ մեկնաբանությամբ․ «Ների՛ր նրանց, տե՛ր, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու համար` տարաձայնությունը, ի վերջո, հարթվե՞ց, թե՞ ոչ։

«Մենք եկանք ընդհանուր հայտարարի, նորից հանդիպեցինք, եւ, բնականաբար, իմ դիրքորոշումն անփոփոխ էր։ Ինձ խնդրեցին, որ ժամանակ ավելացնենք, որպեսզի իրենք դառնան առանձին բաժանորդ։ Մենք տվեցինք այդ ժամանակը։ Մենք որեւէ մեկին նեղացնելու նպատակ չունենք, պարզապես մեր միջոցները հաշված են եւ սուղ, եւ մենք պետք է ավելի սթափ լինենք։ Ի դեպ, ջուրը կշարունակենք «Գոյին» անվճար տրամադրել, քանի որ ջրի խողովակի անցկացումը, տնօրինության խոսքով, ահռելի ծախսերի հետ է կապված»,-մեկնաբանեց Մայր թատրոնի տնօրենը։

Նա հավելեց, որ իրեն ասել են, թե նախկինում երկու թատրոնների տնօրինությունների միջեւ եղել է բանավոր պայմանավորվածություն, ըստ որի` կոմունալ վճարների գումարը «Գոյը» տվել է Սունդուկյան թատրոնին, որպեսզի վերջինս վճարի նաեւ այդ գումարը․ «Սունդուկյան թատրոնի սուբսիդիայի պայմանագրում, սակայն, նման բան նշված չէ, հետեւաբար թե ով ում հետ նախկինում ինչ է պայմանավորվել, ես դրա մեջ խորանալու ցանկություն չունեմ»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաեւ հավելեց, որ մտադրություն չունի կոնֆլիկտի մեջ մտնել «Գոյի» տնօրինության հետ․ «Ես ուզում եմ իրավական լուծումներով առաջնորդվել։ Եթե մարդիկ դրան ուրիշ երանգ են հաղորդում, Աստված իրենց հետ»,-եզրափակեց Վարդան Մկրտչյանը։

Աննա Բաբաջանյան