ԲԱՑԱՐՁԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, թե 1991թ. սեպտեմբերի 21-ին բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախության գաղափարին: Դժվար է ասել, թե որն է Սուտիբեկյան անվանված սոցիոլոգի նման հայտարարության դրդապատճառը: Արդյո՞ք նա դա արել է իր անվան շուրջ հերթական սկանդալը ձեւավորելու մղումով (որպես պրոֆեսիոնալ սոցիոլոգ` նա լավ գիտի, որ սկանդալը վարկանիշը բարձրացնելու ամենահզոր միջոցն է), թե՞ դա պարզապես  թվերն ուռճացնելու մասնագիտական երկարամյա սովորույթի հետեւանք է: Ամեն դեպքում, Ադիբեկյանի  հայտարարությանը հետեւած քաղաքական ուժերի արձագանքը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում հնարավոր է, որ դաշնակները, հանրապետականներն ու հհշականները որեւէ հարցի շուրջ նույն կարծիքն ունենան: Նրանք Ադիբեկյանի ասածները որակեցին անհեթեթություն, անմեղսունակություն եւ անբարոյականություն:  Ու, թերեւս, կարելի էր ողջունել անկախության հանրաքվեի հարցում մեր քաղաքական ուժերի միասնականությունը, եթե նրանք չընկնեին ծայրահեղության մեջ: Ի վերջո, անկախության հանրաքվեն տեղի է ունեցել ընդամենը 20 տարի առաջ, եւ ներկայումս ապրող ՀՀ  քաղաքացիների մեծ մասը մասնակցել է դրան: Այսինքն` մենք բոլորս էլ ամեն ինչ շատ լավ ենք հիշում: Միանշանակ է, որ ՀՀ անկախության հանրաքվեին բնակչության մեծ մասը կողմ է քվեարկել: Սակայն մյուս կողմից էլ նույնքան անվիճելի է այն, որ 20 տարի առաջ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների զգալի հատվածը  դեմ էր կոմունիստական կարգերի  փոփոխմանն ու ԽՍՀՄ-ից դուրս գալուն: Եւ եթե անկեղծ լինենք, այդ հատվածը շատ ավելի մեծ թիվ էր կազմում, քան Արամ Մանուկյանի նշած տասը հազարը: Հետեւաբար, իրականում չէր կարող այնպես լինել, որ բնակչության 97 տոկոսը կողմ քվեարկած լիներ ՀՀ անկախությանը: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների` հանրաքվեի արդյունքներին տված գնահատականներին հղում անելուն, ապա 20 տարի առաջ ԽՍՀՄ վերջնական փլուզմամբ շահագրգիռ միջազգային բոլոր դիտորդներն էլ հաճույքով  կհավաստեին, որ կողմ է քվեարկել բնակչության ոչ թե 97, այլ 200 տոկոսը: Ուստի  դա այնքան էլ համոզիչ փաստարկ չէ: Բնականաբար, հաստատապես չէր կարող նաեւ այնպես լինել, որ բնակչության 60 տոկոսն անկախությանը դեմ քվեարկած լիներ, ինչպես նշում  է սոցիոլոգը:  Սա էլ արդեն մյուս ծայրահեղությունն է, որը լրացուցիչ որակումների կարիք չի զգում: Բայց այստեղ խնդիրն այն է, որ եթե մեզ համար անկախության գաղափարն իսկապես վեր է ամեն ինչից, ապա մենք պարտավոր ենք ազնիվ լինել ինքներս մեր եւ սերունդների առջեւ, քանզի կա ազնվություն եւ կա անազնվություն: Որեւէ երրորդ` միջին տարբերակ, գոյություն չունի: Իսկ տվյալ դեպքում մենք ականատեսն ենք բացարձակ անազնվության` ի դեմս սոցիոլոգի, եւ կիսաազնվության` ի դեմս քաղաքական ուժերի: Բայց եթե անկախությունը մեզ համար իրոք բացարձակ արժեք է, ուրեմն դրա նկատմամբ ազնվությունն էլ պետք է լինի բացարձակ:




Լրահոս