Հունիիս 10-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է պատգամավորներ Վահագն Թևոոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում փոփոխություններ կատարելուն։ Նախ օրենքի անվանումն է ամբողջությամբ փոխվել և այն ստացել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք անվանումը և ներկայացվել փաթեթի տեսքով՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հետ մեկտեղ։
Օրենքի նախագիծը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները, միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն՝ խաղի նոր կանոններ սահմանելով հեռարձակողների համար։ Այն շրջանառության մեջ էր դրվել դեռ ապրիլին, սակայն հանձնաժողովում կքննարկվի միայն վաղը։ Ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։
Էրոտիկ, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմեր, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն թողնող հաղորդումները հնարավոր կլինի հեռարձակել կեսգիշերից մինչև առավոտյան 6-ը։ Հակառակ դեպքում պատասխանատվություն է նախատեսված։
Արգելվում է ազգային, ռասայական և կրոնական թշնամանք սերմանելու նպատակով օգտագործելը, պատերազմի քարոզը, իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու և տապալելու քարոզչությունը։
Լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների շաբաթական եթերի 20 տոկոսը մանկական, կրթական և մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ պետք է լինեն։
Նաիրա Հովհաննիսյան