ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմակով լինի, չեն ճանաչի՝ ով ա». կառավարության անդամները չկարողացան համոզել Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) միջոցով ծանուցում ուղարկելու հարցը: Խոսքն այն բջջային հավելվածի մասին  է, որով կարող են արձանագրել իրավախախտումները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ նշեց, թե այս ծրագրով պետք է հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքացիները կարողանան ֆիքսել նաև այն վարորդներին, որոնք առանց դիմակ են մեքենան վարում: Սակայն կառավարության մի քանի անդամ, այդ թվում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատեց, թե սա կարող է դիտվել որպես անձնական տվյալների հավաքագրում և խնդիր է նաև տվյալ մարդկանց նույնականացնելը:

«Անցավ, տեսավ՝ առանց դիմակի մարդ կա ավտոմեքենայի մեջ: Դա պոտենցիալ սպառնալիք է ստեղծում, նկարեց, փաստը ֆիքսեց, ով ասեց, թե երևալու է՝ ով է նստած: 1000 նկարից կարող է անհավանական մեկ-երկու կադր լինի, թե երևա՝ ով է մարդը, բայց կերևա՝ դիմակով է, թե ոչ», – նշեց նա:

Հավելենք, որ բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3 հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաև սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով և 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները:

Բացի այդ,  սահմանվում է, որ պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս