ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ԿՖԻՔՍԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Կառավարության որոշմամբ սահմանվեց, որ պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:

 

Բացի այդ, բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3 հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաեւ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղեւոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով եւ 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները: Այս փոփոխություններն, ըստ էության, ուժի մեջ պետք է մտնեն մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը՝ բջջային հավելվածը շահագործման հանձնելու հետ մեկտեղ:

Այս նախագծի էությունն այն է, որ քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել եւ հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում. եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, եւ ոստիկանության աշխատակիցները, ուսումնասիրելով տեսանյութը, կկազմեն վարչական ակտ:

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երեւան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ՝ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաեւ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:

Խնդիրն առավել մտահոգիչ է Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի  բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային եւ այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ եւ անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների պահպանման նկատմամբ:

Օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական եւ տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաեւ հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

Հավելվածի հնարավորություններից չարամիտ կամ միջանձնային հարաբերություններով պայմանավորված հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով նախագծով սահմանափակում է նախատեսվել. հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։

Միաժամանակ հավելվածով սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված այն իրավախախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում իրականության մեջ եւ ունեն հասարակական բարձր վնասակարություն, դրանք բջջային հավելվածի հնարավորություններն օգտագործելու միջոցով հայտնաբերելու հնարավորության հաշվառմամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաեւ չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

Ն.Հ.

 

 

 

ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ՝  ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹ

Ակտաու-Երեւան չարտերային չվերթը կկայանա հունիսի 14-ին: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից: «Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երեւան «SCAT» ավիաընկերության DV 5039 չարտերային չվերթը, որը կայանալու է հունիսի 13-ի լույս հունիսի 14-ի գիշերը՝ ժամը 00:40-ին։ Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն եեւ այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի։ Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ ս.թ. հունիսի 13-ը: Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն: Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

ՎՐԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է, որ որեւէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: Նրա խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարեւան Հայաստանին օգնելու հարցը, եւ համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը: «Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Մեր հարեւան երկրներում վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաեւ առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները միմյանց հետ։ Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք՝ պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարեւան Հայաստանին: Ինչպես երեւում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է

Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 եւ 94 մանկապարտեզների եւ Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`

. երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,

. արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,

. մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել:

 

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԹՈՒՆԵԼԸ՝ ԾԽԻ ՄԵՋ

2257մ երկարություն ունեցող Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը հանդիսավորությամբ բացվեց 2004թ. հունիսի 4-ին: Թունելը  սպասարկում է նախկինում «Լինսի» հիմնադրամի  Ճանապարհաշինության ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, պետական բյուջեից ֆինանսավորվելով՝ իրականացնում է թունելի պահպանության աշխատանքները: Տավուշի մարզի վարորդները, ովքեր հաճախ են երթեւեկում այդ ավտոմոբիլային թունելով, դժգոհություն են հայտնում դրա վիճակից, թունելում ծխի ամպեր են։ Վարորդները, համեմատալով հանրապետության այլ մարզերի, մասնավորապես` Տավուշի հարեւան Լոռու մարզի թունելների հետ,  տարակուսում են, թե ինչու ուրիշ թունելներում  ծխի կուտակումներ չկան, իսկ Դիլիջանի թունելում ծխախեղդ վիճակ է։ Թունելով անցնող ավտոմեքենաների  վարորդները եւ ուղեւորները ծխից իրենց վատ են զգում։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՎԵԼԻ Է ՓՈՔՐԱՑԵԼ

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային եւ աշնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տասնամյակում  հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել: Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին, իր ողջ զորությունը թափում է, քանդում գետի աջակողմյան՝ հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է: Այս տարվա գարնան վերջին տեղացած  հորդ անձեւներից  Դեբեդ գետը մեծ չափով վարարել էր։ Ներկայումս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  Դեբեդավան գյուղի  տարածքի դեմ-դիմաց՝ վրացական կողմում, շինարարական տեխնիկա են կուտակել, մեծ քանակությամբ քարեր, շինարարական աշխատանքներ են կատարում, ամրացնում  վրացական ափը։ Վարարած Դեբեդն էլ ավելի է սեղմվում դեպի հայկական տարածք՝ քշելով-տանելով  հողը։  Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը  վերջին տարիներին մոտ  60 մետր խորացել է հայկական տարածքում, այսինքն՝ Հայաստանի տարածքը փոքրացել է:

 

 

ՀԱՎԱԲՆԻՑ 5 ՀԱՎ Է ԳՈՂԱՑԵԼ

Ռոման Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. հունվարի լույս 30-ի գիշերը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, դուռ բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Գանձաքար համայնքի բնակիչ Արմեն Դովլաթբեկյանին պատկանող, պահեստարան հանդիսացող հավաբուն եւ  այնտեղից հափշտակել է վերջինիս պատկանող ընդհանուր 1500 ՀՀ դրամ արժողությամբ 5 հավ։ Ռ. Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Գործը քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս