Ճամբարակում ոչխարներ են վնասվել. կարկուտի հետևանքները Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի տասից ավելի համայնքներում կարկուտ է տեղում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը, ապա նշեց, որ կարկուտից հիմնականում տուժել են Ճամբարակում:

«Ցավոք վերջին մի քանի օրվա ընթացքում մարզի տարբեր համայնքներում կարկտահարության դեպքեր ենք ունեցել: Խոսքը 10-ից ավելի համայնքների մասին է, բայց կարկուտի հասցրած վնասի չափերը տարբեր աստիճանի են: Որպես կանոն համայնքում կա հանձնաժողով, առաջին աշխատանքը սկսվում է համայնքի հանձնաժողովից, որոշակի աշխատանք տանելուց հետո միայն հանձնաժողովը դիմում է մարզպետարան: Ապա մարզպետարանի համապատասխան վարչությունը համայնքի բաժնի հետ սկսում է աշխատել այդ ուղղությամբ: Մեր հիմնական աշխատանքը ոչ թե կարկուտին հաջորդող ժամերի կամ օրվա ընթացքում է, այլ սկսվում է առնվազն երեք օր հետո, որովհետեւ տվյալ հանձնաժողովը պետք է գրանցի թե կարկուտն ինչ վնաս է պատճառել եւ տոկոսներով պետք է ամրագրի, որ ենթադրենք ցանքատարածության կամ բերքի ասյքան տոկոսն է վնասվել»,- տեղեկացրեց մարզպետը:

Մեր զրուցակցի պատմելով՝ կարկտահարության դեպքեր գրանցվել են Գավառում, Ճամբարակում, Վարդենիսում, Գեղամասարում: «Ճամբարակում բավականին խոշոր դեպքեր ենք ունեցել, Վարդենիսում եւս: Որպես կանոն մենք մեկ ժամ հետո չենք կարող ճիշտ գնահատական տալ, թե կարկուտն ինչ չափի վնասներ է պատճառել, դրա համար, ըստ կանոնակարգի՝ երեք օր հետո սկսվում է գրանցման այդ գործընթացը»,- փոխանցեց Գնել Սանոսյանը:

ArmLur.am-ի հարցին՝ նախնական տվյալներով ի՞նչ վնասներ են կրել բնակիչները, մարզպետն արձագանքեց. «Բազմաթիվ վնասներ ունենք․ դեպք ունենք Ճամբարակում, որ ոչխարներ են վնասվել եւ նույնիսկ սատկել, բայց այս պահին ընդհանուր գնահատական չեմ կարող տալ, հանձնաժողովն աշխատանքը ամփոփի, հետո», -եզրափակել է մարզպետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս