Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում մեր ազգի հետ, սկսկել եմ մեր ժողովրդին չճանաչել։ Ես ինչքան հիշում եմ, մեր ազգը միշտ դժվարին պահեր է ունեցել եւ միշտ համախմբվել է, իրար հետ են եղել․ բոլորի մտքերն ու արարքները մեկը մյուսին օգնելն է եղել։ Այնքան սեր ու ձգտում է եղել ՝ իրար օգնելու , հասնելու, իսկ հիմա կարծես պառակտվել է ազգը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Էվելինա Շահիրյանը ։
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, թե այսօր իրեն շատ է անհանգստացնում եւ մտահոգում մեր ազգի երկպառակտված լինելը։
«Ես այդ փաստից շատ եմ հուզվում, մտահոգվում։ Անքուն գիշերներ եմ անցկացնում` մտածելով, թե ինչու է այդպես, չեմ ուզում մեղավորներ փնտրել, չեմ ուզում ոչ մեկին ասել, թե ով է ճիշտ, ով սխալ, բայց մի բան ինձ համար ամենակարեւորն է, եթե որեւէ մեկը գիտի, թե ինչն է սխալ, թող կանգնեն կողքները, մի բռունցք դառնան բոլորը, որ այս վիճակից դուրս գանք։ Հնարավոր չէ այսպես պառակտված առաջ գնալ։ Մենք բոլորս հիմա մի նավակի մեջ ենք , միայն մենք չենք այդ նավի մեջ, այլ ամբողջ երկրագունդն է : Հիմա բոլորս այդ նավում ճոճվում ենք, եւ եթե կործանվենք, ապա բոլորս միասնաբար կկործանվենք։ Պետք է աշխատենք , ամեն ինչ անենք այս վիճակից դուրս գալու համար, իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ պարզապես ամեն հարցում ինչ-որ մեզանից խնդրում են, պահանջում են, մի քիչ խելացի մոտենանք, մի քիչ վերլուծենք՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Դրա համար մեզանից պահանջվում է էլէմենտար մի բան՝ դիմակ կրել»,-ընդգծում է մեր ՀՀ վաստակավոր արտիստուհին։
Էվելինա Շահիրյանի համոզմամբ, եթե սկզբնական շրջանում մարդիկ կրեին դիմակներ, եւ գործին խելամիտ, այսօր այս պատկերն ու վիրուսի վարակման նման թվեր չէին արձանագրվի։
«Ես ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր չեն հավատում կամ չեն կրում դիմակներ, մի պահ ձեզ պատկերացրեք այդ բժիշկների դերում, այդ արտահագուստների մեջ, մի քիչ մենք էլ պետք է նեղություն քաշենք, որպեսզի այս վիճակից դուրս գանք, չէ որ նրանց համար էլ է դժվար կրել այդ հագուստները, պաշտպանիչ թաղանթները։ Գիտե՞ք ամենից շատ ինչն է ինձ մտահոգում, երբ ամբողջ աշխարհը գտնվում է այս համաճարակային արհավիրհքի մեջ, մեզ մոտ բերել խառնում են քաղաքականության հետ, փորձում են այս վիճակից օգտվելով ինչ-որ օգուտներ քաղել, չեն հասկանում , թե այս ի՞նչ է կատարվում։
Սա քաոս է, հիմա դրա ժամանակը չէ կամ եթե դուք խելացի եք, բան ունեք ասելու, կանգնե՛ք, օգնե՛ք դուրս գանք այս վիճակից, չէ որ սա այն ազգն է, որի միասնության շնորհիվ կարողացել ենք դուրս գալ պատերազմներից, եւ մյուս բոլոր ազգերը մեզ նախանձել են այդ առումով։ Ի՞նչ պատահեց մեզ, այս ի՞նչ է կատարվում, նույնիսկ ընտանիքի անդամներ են պառակտված, մեկն այլ ձեւ է մտածում, իսկ մյուսն՝ այլ, եւ դա բերում է քայքայման»,-նկատում է մեր զրուցակիցը։
Դերասնուհին մեզ հետ զրույցում հատուկ շեշտում է, որ նա քաղաքականությամբ երբեք չի զբաղվել եւ չի էլ պատրաստվում զբաղվել, պարզապես տեսնում եւ նկատում է բաներ, որոնք որպես քաղաքացի իրեն մտահոգում են ։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում, բայց ես տեսնում եմ , թե կանայք ինչպես են միմյանց հետ շփվում, փողոց փակում, փողոցում պառկում, ի՞նչ է սա նշանակում, չէ որ Դուք կին եք։ Ես նորից եմ ասում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ գտնում եմ, որ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի։ Հիմա բոլորը բժիշկ են դարձել, քաղաքագետներ են դարձել։ Ես դերասանուհի եմ եւ զբաղվում եմ իմ գործով, եւ եթե ամեն մարդ իր տեղում ու իր աշխատանքին լինի, մենք նման խնդիրների առաջ չէինք կանգնի։ Հիմա բոլորը գիտեն՝ ինչն է ճիշտ, թե՞ ինչն է սխալ, արդյո՞ք բոլորն այդքան խելացի են։ Ես կոչված չեմ, չեմ խառնվում, բայց չի նշանակում, որ ես այդ քաղաքացին չեմ , որ իմ սիրտը չի ցավում կատարված իրադարձությունների համար»-հավելում է մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան