Ինչու է ՏՄՊՊՀ-ն տուգանել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը 2 միլիոն դրամով տուգանել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Սովռանո» ՍՊԸ-ին։

Ընկերությունը սահմանված ժամկետում տեղեկատվություն չի տրամադրել հանձնաժողովին, ինչի պատճառով էլ տուգանվել է:

«Սովռանո» ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Իսկ ինչու է տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը տուգանել «Սովռանո» ընկերությանը:

Հանձնաժողովը պահանջել էր գրությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել «Սովռանո» ընկերության 2018 եւ 2019 թվականների տարեկան հասույթի չափերը, ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրված «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների ներկրման եւ իրացման ծավալները` բնեղեն եւ արժեքային արտահայտությամբ եւ նույն ժամանակահատվածում «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների իրացումից ստացված հասույթի չափը:

«Սովռանո» ընկերությունը գրությունը ստացել է 2020 թվականի փետրվարի 19-ին, որից հետո պարտավոր էր պահանջված տեղեկատվությունը ներկայացնել մինչեւ 2020 թվականի փետրվարի 24-ը ներառյալ: Սակայն ընկերությունը փետրվարի 24-ին հանձնաժողով է ներկայացրել գրություն, որով հրաժարվել է սահմանված ժամկետում ներկայացնել գրությամբ պահանջված տեղեկատվությունը:

Դրանից հետո արդեն ՏՄՊՊՀ-ն փետրվարի 27-ին «Սովռանո» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել է վարչական վարույթ, որին էլ հաջորդել է տուգանքը։




Լրահոս