ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության նիստում կքննարկվի, եւ, ըստ ամենայնի, կհաստատվի  ՀՀ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերի եւ գնային առաջարկների գնահատող հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը: Կսահմանվի, որ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը պարտադիր ենթարկվում են արտաքին աուդիտի: Ընդ որում, աուդիտորը պարտադիր կարգով պետք է անդրադառնա ծրագրերի նպատակային օգտագործման հարցին եւ դրա մասին տեղեկատվություն տրամադրի ղեկավարությանն ուղղված նամակի միջոցով: Նման  կարգի հաստատումը  ոչ այլ ինչ է, քան միջազգային կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրված հրապարակային ապտակ: Փաստորեն, արտաքին աշխարհի համար Հայաստանի կառավարությունն այն աստիճան է կորցրել  վստահությունը, որ միջազգային ֆինանսական կառույցներն արդեն որեւէ դրամաշնորհային ծրագիր իրականացնելուց առաջ, որպես պարտադիր պահանջ, առաջ են քաշում արտաքին աուդիտի տեսքով սեփական վերահսկողություն իրականացնելու`  կառավարության որոշմամբ հաստատված երաշխիքը: Ինքնին հասկանալի է, որ այսօրվա նիստում կառավարության որեւէ անդամ այդ մասին չի խոսի, փոխարենը մենք կլսենք  վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական դասախոսությունը`  վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերահսկողությունն առավել թափանցիկ դարձնելու կառավարության ջանքերի մասին: Սակայն իրականում  բոլորի համար էլ պարզ է, որ հայրենի կառավարության անդամները ոչ մի դեպքում չէին համաձայնի սեփական կամքով իրենց  զրկել դրամաշնորհային ծրագրերից ստացվող կլորիկ  «ատկատներից»:  Հետեւաբար, այս հարցում արտաքին ճնշումը եղել է լուրջ  եւ անառարկելի: Իսկ թե կոնկրետ որ ծրագրի իրականացման արդյունքում է ձեւավորվել այդ դժգոհությունը, դժվար է ասել, քանի որ անցած երեք տարիների ընթացքում միակ բանը, որ Տիգրան Սարգսյանը հաջողացրել է անել, դա բազմաթիվ ու բազմամիլիոնանոց վարկեր վերցնելն էր, որոնք, սակայն,  այնքան անհասկանալի ու աներեւույթ  տնօրինվեցին, որ դրանց  «պոչերը բռնելու» միակ ձեւը, թերեւս, արտաքին աուդիտն է: Թեեւ, քիչ հավանական է, որ հաստատվելիք կարգը հետադարձ ուժ ունենա: Հակառակ դեպքում, միջազգային աուդիտորներին կսպասվի չափազանց ծանր ու տքնաջան աշխատանք, քանի որ  առանց սխալվելու  մտավախության կարելի է պնդել, որ Հայաստանում  մինչ օրս  որեւէ  վարկային կամ դրամաշնորհային ծրագիր չի իրականացվել առանց խախտումների:




Լրահոս