ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ ՉԷՐ ԸՆԿՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան Սարյանի արձանի մոտ Հանրապետության հրապարակում ռուսական դրոշի ուղեկցությամբ շքերթի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ապա առանց արձանագրություն կազմելու մոտ երկու ժամ անց նրան բաց են թողել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անթույլատրելի համարեց ոստիկանների պահվածքը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում` ինչպես նշել ՀՀ անկախության տոնը, եւ դա իր իրավունքն էր: Իր ձեւով իր դժոգհությունն է արտահայտել որոշակի հեռավորության վրա, եւ չեմ կարծում, որ Լեւոն Բարսեղյանը պատրաստվում էր ընկնել ռուսական զորքերի ոտքերի տակ»,-ասաց պարոն Սաֆարյանը: Նա նշեց նաեւ, որ երկրի անկախության տոնին ընդունված չէ այլ երկրի դրոշ ծածանել ռազմական շքերթի ժամանակ, սա կարելի է անել մայիսի 9-ին, այլ տոներին, բայց  անկախության օրը պետք է բարձրացվի միայն այդ տոնը նշող երկրի պետական դրոշը. դրա համար էլ տոնը կոչվում է անկախության: Իսկապես որ, ռուսներին հաճոյանալու համար կարելի էր բոլոր տոներն ու ծիսակարգերը, անգամ վարդավառն օգտագործել` ռուսական դրոշը ծածանելու համար, բայց ոչ ՀՀ անկախության տոնը:Ի դեպ, երեկվա զորահանդեսին մասնակցում էր նաեւ բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը:Առաջին անգամ զորահանդեսին մասնակցում էին նաեւ արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների եւ զինված ուժերի հոգեւոր սպասավորների շարասյուները: Երբ նախարարը ողջունեց նրանց, հոգեւորականները պատասխանեցին «Աստված պահպանի մեր անկախությունը» վանկարկումով:




Լրահոս