Երեկ ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ դատավորին է մակագրվել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդության հարցը: Մեզ հայտնի է դարձել, որ միջնորդության հարցը քննելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Ինքնաբացարկ հայտնել է, քանի որ, ըստ Դատական օրենսգրքի, եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա նա միջանկյալ այլ նիստեր եւ կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել է, որ Արտուշ Գաբրիելյանը, Աբրահամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում, միջանկյալ նիստեր է արել եւ հանդիպումներ ունեցել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում էլ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հայտնել է, որ ինքնաբացարկ են հայտնել, եւ նա այն ընդունել է:
Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց կալանավորում ընտրելու կամ մերժելու մասով պետք է կայացներ որոշում, սակայն պաշտպանների այս բացահայտումից հետո կալանավորման որոշման հարցը հետաձգվել է: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը.
«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։
Պայմանավորվածությունից հետո նրանցից, որպես կանխավճար, ստորագրությամբ ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում։ Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն՝ ստացել է 10 հազար դրամ անվանապես արժեքով թղթադրամներ։ Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է Մանուկյանի եւ Առուստամյանի հետ։ Վերջիններից կանխիկ ստացել է մոտավորապես 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ»,- նշել էր Արթուր Դավթյանը։
Այսպիսով, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՋԵՐՄՈՒՄ ԵՆ ՈՒ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԵՆ
Armlur.am-ը տեղեկություններ է ստացել, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից շատերն այս օրերին ջերմում են ու ինքնամեկուսացել են: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն արդեն մի քանի օր է՝ ջերմում է, սակայն պատգամավորը թեստ չի հանձնել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը եւս ջերմել է: Մենք փորձեցինք պատգամավորից պարզել՝ արդյոք թեստ հանձնել է, ու ինքնազգացողությունն ինչպես է: Պատգամավորը հայտարարեց. «Մեկ օր եմ ջերմել ընդամենը, երեկոյան, բայց մի քանի ժամ հետո այլեւս ջերմություն չունեի: 37.2 ջերմություն եմ ունեցել, դրանից հետո չեմ ունեցել, բայց արդեն երկրորդ օրն է՝ չունեմ, թեստ չեմ հանձնել, քանի որ, կարծում եմ, հնարավոր է՝ մրսածության հետեւանք է եղել, կամ չգիտեմ, չեմ կարող ասել: Հիմա ինքնազգացողությունս լավ է»,-նշել է նա:
Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւս ջերմել է ու թեստ հանձնել: Մենք քիչ առաջ զրուցեցինք պատգամավորի հետ, ով հայտարարեց, որ պատասխանը արդեն ստացել է. «Բացասական է պատասխանը, ջերմեցի, անհանգիստ էի, թեստ եմ հանձնել, բարեբախտաբար թեստը բացասական է եկել»,- եզրափակել է պատգամավորը: Նույն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս ջերմել է եւ, մեր տեղեկություններով, պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել: Նշենք նաեւ, որ նույն հանձնաժողովի պատգամավոր է ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանը, որը եւս թեստ է հանձնել, ու այն դրական է եղել: Մենք տեղեկություններ ունենք նաեւ, որ խորհրդարանից դուրս ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը եւս թեստ է հանձնել, ու այն դրական է, սակայն արդեն երկու օր է՝ մեր հեռախոսազանգերին Մինասյանը չի պատասխանում:
7209 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ
Հայաստանում հաշվառված է թմրամիջոցներ օգտագործող մինչեւ 18 տարեկան 16 հոգի։ Բոլորը օգտագործում են կանաբինոիդային թմրամիջոցներ եւ բոլորը տղաներ են։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված, հաշվառված անձանց թիվը կազմում է 7209՝ նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից 132-ը կանայք են, բոլորը՝ 18-ից բարձր տարիքի։
Ըստ նրա՝ ափիոնատիպ նյութերի գործածման հետեւանքով հաշվառված է 2671 անձ (44-ը՝ կին), կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետեւանքով՝ 4532 անձ (88-ը՝ կին) եւ կոկաինի գործածման հետեւանքով՝ 6 անձ։ Հաշվառված անձանց մոտ 62-63%-ը 28-49 տարիքային խմբում են։ 19-27 տարիքային խմբում հաշվառված է 1249 անձ, 50-64 տարիքային խմբում՝ 1357 անձ։ Եւս 98 անձ 65 եւ բարձր տարիքի են։ Ի տարբերություն շատ այլ երկրների՝ Հայաստանում երիտասարդ տարիքի հաշվառված անձանց թիվն ավելի փոքր է. այստեղ մարդիկ սովորաբար ավելի մեծ տարիքում են սկսում թմրամիջոցներ օգտագործել։
ՓՈՔՐ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆԻ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղ է։ Այդտեղից մեծ արտագաղթ է եղել, Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում անցած ուսումնական տարում 17 աշակերտ էր սովորում, որից մեկը դարձավ շրջանավարտ։ Փոքր գյուղն ունի մեծ խնդիրներ։
2015 թվականին Բարեկամավանը ԻՖԱԴ-ի ծրագրով գազաֆիկացվել է, հարեւան Կոթի գյուղից Բարեկամավան գազատար է անցկացվել, որից գյուղի թաղեր ճյուղավորումներ են արվել: Անցած 5 տարում, սակայն, Բարեկամավանում ոչ մի բաժանորդ չի ավելացրել, Կոթիի տարածքում դեպի Բարեկամավան տանող գազատարը եռակցված, փակված է։ Բարեկամավանում բնական գազի բաժանորդներ չկան, որովհետեւ իրարից մեծ հեռավորությամբ գտնվող գյուղի տները գազաֆիկացնելու, դեպի առանձնատներ գազի ճյուղավորումներ անցկացնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք կարիքի մեջ գտնվող, սոցիալապես անապահով բարեկամավանցիները չունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ իրենք այդ խնդրով մի անգամ դիմել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, անհրաժեշտ է, որ այդ ընկերությունը Բարեկամավանի առանձնատները գազաֆիկացնելու հատուկ ծրագիր իրականացնի։ Բարեկամավանի համար ամենացավոտ խնդիրը խմելու ջրի հարցն է։ Գյուղը ոռոգման ջուր չունի, խորքային երկու հորերից մղվող ջուրը գյուղացիները օգտագործում են խմելու, իրենց տնամերձ այգիների ոռոգման, անասուններին ջրելու, իրենց կենցաղային կարիքների համար։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խորքային հորերից երկու պոմպերը միասին ժամում մղում են 5,5 տոննա ջուր, սակայն առավել հզոր, ժամում 4 տոննա ջուր մղող պոմպը երկար գործարկելու դեպքում խորքային հորում ջուր չի մնում։ Ջրի խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին, երբ խիստ շոգ է։ Դեռեւս որոշված չէ, թե ինչ եղանակով է լուծվելու Բարեկամավանի խմելու ջրի խնդիրը։ Բարեկամավանի համար ցավոտ խնդիր է Նոյեմբերյանի սարերում գտնվող Շլորկուտ եւ Կոպալի գյուղատեղ սարամասերի խորհարքների եւ արոտավայրերի տնօրինման խնդիրը։ Այդ սարամասերը վաղուց ի վեր օգտագործվում են բարեկամավանցիների կողմից, սակայն 2010թ. Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններով՝ նոր քրատեզագրումով նշված սարամասերը տրվել են այլ բնակավարերի օգտագործմանը։ Այդ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում։ Վերջերս կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հայկ Չոբանյանը համայնքների ղեկավարներին եւ Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին հայտնել է, որ նրանք պետք է զբաղվեն այդ տարածքների տնօրինման ճշգրտման խնդրով, որպեսզի պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքները օրինական հիմունքներով տնօրինվեն, հիմնահարցին լուծում տրվի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ