Աբրահամ Մանուկյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի․ պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Որոշման շուրջ ArmLur.am-ը զրուցել է Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանի հետ։ Նա որոշումը որակել է որպես ակնհայտ անհիմն և անօրինական։ «Մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշատ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները, ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը»:

Նա կրկին հիշեցրեց, որ  Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, քանի որ սույն գործի մայր գործով  դատավորի հարազատ եղբայրը մեղադրյալ է և այն գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու նրան։ Հիշեցնենք, որ պաշտպանները նաև ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին հենց այդ հիմքով, սակայն այն մերժվել էր։ Հավելենք, որ որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը:

Քնար Մանուկյան




Լրահոս