Սեպտեմբերի 20-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի խանութներից մեկի շրջակայքում մի խումբ երիտասարդ տղաներ վեճի են բռնվել, որի հետեւանքը եղել է այն, որ «աքլորակռվի» մասնակիցներից մեկը հայտնվել է հիվանդանոցում, մեկը` ոստիկանությունում, իսկ մեկն էլ դանակի հարվածից տեղում մահացել է:«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` գիշերվա կեսին վեճ է ծագել մոտ 20 երիտասարդների միջեւ, 25-ամյա Դավիթ Օհանյանն իր ընկերուհու «թասիբն» է պահել, որին այդ տղաներից ոմանք վիրավորել են: «Ռազբորկային» մասնակից է եղել նաեւ Դավիթի ընկերը` 23-ամյա Հակոբ Բուդաղյանը: Տղաների երկար տեւած զրույցներից հետո ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում «հակառակորդներից» 24-ամյա Վարաշ Մանուկյանը դանակահարել է Դավիթին եւ Հակոբին, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, իսկ Դավիթ Օհանյանը տեղում մահացել է: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Ժողովուրդ»-ի թղթակցին տեղեկացրին, որ Դավիթին մահացած վիճակում են տեղափոխել հիվանդանոց:Դանակահարված Հակոբ Բուդաղյանին կեսգիշերին եւս տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վերջինս այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դանակի հարվածից 23-ամյա տղայի որոշ օրգաններ են վնասվել, ինչի պատճառով շտապ տեղափոխել էին հիվանդանոց եւ վիրահատել:«Ժողովուրդ»-ը այցելեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` պարզելու` արդյոք 23-ամյա Հակոբի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, սակայն վերակենդանացման բաժնի վարիչը տեղում չէր: Պարզեցինք, որ Հակոբի մայրը երկրում չի գտնվում, իսկ հայրը մահացել է, հարազատներից միայն մեկ մարդ էր այցելել տղային` ներկայանալով որպես Հակոբի քեռի, բայց նրան թույլ չէին տվել ներս գնալ: Տեղեկացանք նաեւ, որ այցելել էին մի քանի հարեւաններ, բայց շատ շուտ հեռացել էին: Այսպիսով` մենք եւս չկարողացանք նրա հարազատների հետ հանդիպել:«Ժողովուրդ»-ի ներկա գտնվելու պահին վերակենդանացման բաժանմունքում հայտնվեցին մի քանի երիտասարդներ, որոնք ցանկանում էին Հակոբին տեսակցել: Նրանք ներկայացան, թե «Հակոբի ախպերներն ենք, մեր սեւ սիրտը, ձեր հարցերը» ու հեռացան:Հիվանդանոցում տեղեկացանք նաեւ, որ 23-ամյա տուժածին գիշերը վիրահատել են, վերջինս առավոտյան գիտակցության է եկել եւ ջուր է ուզել, վիճակն արդեն կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում: Թեեւ նշենք, որ դանակահարության հետեւանքով երիտասարդի որոշ օրգաններ վնասվել են: Հիվանդանոցում խիստ հսկողություն էր սահմանված, եւ թույլ չէին տալիս Հակոբին այցելել ու անգամ տեղեկություն տրամադրել նրա վիճակի մասին:«Ժողովուրդ»-ը փորձեց վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Վարդան Բաբկենիչից տեղեկանալ տղայի առողջական վիճակի մասին: Բժիշկը շատ վրդովված էր եւ հրաժարվեց տեղեկություն տրամադրել: «Տղայի մոտ չի կարելի մտնել, մենք ձեզ որեւէ ինֆորմացիա չենք կարող տալ, ես չեմ վիրահատել եւ ոչ մի բան չեմ արել, դեպքից տեղյակ եմ, բայց ոչ մի բան չեմ կարող ասել, ես իրավունք չունեմ քեզնով զբաղվեմ, ես եկել եմ հիվանդներով զբաղվեմ, ես հիվանդի հաշվին պարտավոր չեմ լրագրողի հարցերին պատասխանել, ես ինտերվյուի ժամանակ չունեմ»,-եզրափակեց անհասկանալի պատճառներով մի փոքր չարացած հերթապահ բժիշկն ու հեռացավ` խորհուրդ տալով զրուցել բաժանմունքի վարիչի հետ: Իսկ քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, հիվանդանոցում, բացի հերթապահ բժշկից, ոչ ոք չկար: Տեղեկացանք նաեւ, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի հատվածում հայտնաբերվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան: Դանակահարող Վարաշ Մանուկյանին ոստիկանությունն արդեն ձերբակալել է:Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության կապերի հետ բաժնից տեղեկացանք, որ դանակահարության մանրամասները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է, իսկ Վարաշ Մանուկյանը հարցաքննվում է:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՂԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ