ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անկախության տոնը երեկ այդպես էլ չդարձավ միասնական, համազգային տոնախմբություն: Իշխանություններն իրենց համար նշեցին, ընդդիմությունը` իր: Թեեւ փողոցներում եռուզեռ էր, փոքր ու մեծ համերգներ էին, բայց մարդիկ մի տեսակ ուրախ չէին:Երեկվա օրվա նկարագրությունը սկսենք վաղ առավոտից, երբ փակվեցին Հանրապետության հրապարակ մտնող բոլոր ճանապարհները: Փորձեցինք շքերթի սկսումից 40 րոպե առաջ «դիրքավորվել»` աշխատելու համար: Չստացվեց: Բոլոր կողմերից խոչընդոտներ կային: Քաղաքացիական հագուստով ոստիկաններին, հանրապետականներին եւ պետական տարբեր հիմնարկների աշխատակիցներին ու հատուկենտ սփյուռքահայերին տարբեր մեքենաներով ուղղորդել էին հրապարակ, եւ անհնար էր տեղաշարժվել: Ոստիկաններին խնդրում էինք առաջ գնալ, չէր թույլատրվում: Լրագրողի վկայական էինք ցույց տալիս, ասում էին` «ով ուզում ես` էղի»: Բացատրում էինք, որ մենք մեր աշխատանքն ենք կատարում, հավատարմագրվել ենք որտեղ որ հարկն է, միեւնույն է, ռազմական ու քաղաքացիական ոստիկանները թութակի նման կրկնում էին` «առաջ գնալ չկա, ցուցակ-մուցակ չկա»: «Ծանոթ-բարեկամներ» խառնելով` կառավարության կողմից մայթն անցանք` մինչեւ գլխավոր փոստի շենքը: Այդտեղ արդեն այլ ծանոթներ էին հարկավոր 3 մետր հեռավորության վրա գտնվող լրագրողների խմբին միանալու համար: Մի խոսքով, մինչեւ Սերժ Սարգսյանի թիկնազորից ներկայացուցիչ չեկավ ու չբացատրեց, որ լրագրողները պետք է համապատասխան վայրում աշխատեն, մեզ` մի քանի լրագրողներիս, չթողեցին:Այդ ընթացքում լսեցինք բազմաթիվ մարդկանց դժգոհություններ, որոնք հայտնվել էին մասսայի մեջ ու վատացել. մեկի ճնշումն էր բարձրացել, մյուսի սիրտն էր խառնում: Ականատես եղանք, թե ինչպես Ամիրյան փողոցից իր թոռնիկի հետ տարեց կինը ոստիկանին աղաչում-պաղատում  էր անցնել մայթը` տուն գնալու համար, սակայն ոստիկանն այդպես էլ չթողեց: Հասարակական կարգի պահպանությունը 0-ից ցածր մակարդակի վրա էր:Եւ այդպիսի «փնթփնթան» մթնոլորտում շքերթը փոքր-ինչ ուշացումով սկսվեց (Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր): Հրապարակում ցուցադրվեց այն, ինչ ունենք: Սերժ Սարգսյանն էլ ելույթ ունեցավ: Ոստիկաններին հաջողվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտենալու ժամանակ բուռն ծափահարություններ ապահովել («դե սկսե՛ք» հրահանգից հետո): Իսկ «ուռա~» բացականչություններից զորահանդեսի սկզբում ոգեւորվել էին հատկապես մանուկները, որոնք եւս բղավում էին «ուռա~-ուռա~»: Զորահանդեսին մասնակցեց նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազան` ՌԴ դրոշով:  Զինվորականներին նախարար Օհանյանը դիմեց ռուսերեն, ինչն անկախության օրվա համար անթույլատրելի էր: Այս ընթացքում Սարյանի արձանի մոտ մի խումբ քաղաքացիներ` «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ, «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ո՛չ օտար դրոշներին» պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել` ընդդեմ օտար երկրների դրոշների, որոնք ծածանվում էին ՀՀ անկախության համար կազմակերպված զորահանդեսի ժամանակ: Ակցիան ոստիկանները բռնությամբ ցրեցին, Լեւոն Բարսեղյանին ու Առնո Կուրին բերման ենթարկեցին ոստիկանություն, որտեղ նրանք հեռուստատեսությամբ հետեւեցին շքերթին ու ազատ արձակվեցին: «Իրենք հանցագործություն են կատարել` խոչընդոտելով իմ ազատ շարժվելու իրավունքը, եւ ինձ բերման են ենթարկել, բայց առանց բացատրություն տալու»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լ. Բարսեղյանը: Ոստիկանները բռնություն կիրառեցին նաեւ «Սեւազգեստ մայրեր» նախաձեռնության անդամների նկատմամբ, որոնք ցանկանում էին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների նկարներով կանգնել կառավարության շենքի հարակից տարածքում: Անգամ Վարդգես Գասպարիի պառկելը չօգնեց: Ոստիկանները պահանջում էին կանգնել առանց նկարների: Նրանց անհրաժեշտ էր հնարավորինս հեռու մնալ դժգոհող քաղաքացիներից, որպեսզի շոուն ստացվեր, եւ մարդիկ ծափահարեին ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին կառավարության շենք մտնելիս: Նկատենք, որ զորահանդեսը մի տեսակ նախընտրական միջոցառում էր հիշեցնում: Կարծես խնդիր էր դրված հրապարակի բազմամարդությամբ ցույց տալ ՀՀԿ-ի ընտրազանգվածը: Շատ փողոցներում ինչ-որ երիտասարդներ անվճար բաժանում էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի  հատուկ թողարկումը:Իսկ օրվա վերջում մասնակցեցինք նաեւ Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված ընդունելությանը` Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանում: ՀՀ առաջին նախագահը բարձրախոսով ասաց, որ հավաքվածները մարդիկ են, որոնց պետք չէ բացատրել անկախության արժեքը, նրանք անկախության համար պայքարում էին 88-ին, պայքարում են նաեւ հիմա: Շփոթության աստիճանի մարդաշատ միջոցառմանը մասնակցում էին ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավար ու ոչ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, շարքային ակտիվիստներ, փաստաբաններ, լրագրողներ, մարդիկ, որոնք ուղիղ 4 տարի` 2007 թվականի սեպտեմբերի 21-ից, երբ ՀՀ առաջին նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց, նրա հետ են, Ազատության հրապարակում են, դատարանների դահլիճներում ու դրանց դիմաց, բողոքի պիկետներում` հընթացս բռնությունների ու հալածանքների ենթարկվելով: Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած էր սեղաններից մեկի մոտ, որտեղ ոչ բոլորին հաջողվեց մոտենալ ու շնորհավորել նրան:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԼուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս