ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանում 40-ամյա տղամարդ էր ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի եւ նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ:

 

Ի՞նչ է կատարվել

Եվ այսպես, հունիսի 26-ին  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռայկոմի շենքերից մեկից 40-ամյա տղամարդը  իրեն ցած  է նետել  պատշգամբից: Վերջինս  աշխատել է  «ՌԱՆ-ՕՅԼ ընկերությունում: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչեւ ինքնասպան լինելը 40-ամյա Մանվելի հետ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. նա պարտք է եղել «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերության սեփականատեր  Ռոբերտ  Գալուստյանին եւ նրա որդուն՝ Ալեն Գալուստյանին: Հայր ու որդի Գալուստյանները  Մանվելից պահանջել են իրենց պարտքը: Մանվելը մի փոքր ուշացումով, բայց հավաքել  է գումար եւ որոշել է միայնակ չգնալ պարտքը Բենզին Ռուբոյին եւ  նրա որդուն վերադարձնելու, որոշում է կայացրել կնոջը տանել իր հետ՝ հույս ունենալով, որ պարտատերերը, տեսնելով, որ գնացել է կնոջ հետ, նրա նկատմամբ հարգալից կլինեն, չեն նսեմացնի: Սակայն վերջինիս սպասումները չեն  կատարվել, եւ ըստ նախնական տեղեկությունների՝  պարտատերերը, անգամ հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, նրա հանդեպ վատ են վերաբերվել: Եվ այս ամենի հետեւանքով 40-ամյա Մանվելը հանդիպումից հետո վերադարձել է  տուն եւ իրեն ցած նետել պատշգամբից:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ:

-Պարո՛ն Գալուստյան, ի՞նչ կասեք այս տեղեկությունների  մասին:

-Այն տեղեկությունները, որ ասում եք, զգում եք, չէ՞, որ իրականությանը մոտ չէ: Ինքը պարտք է եղել, եւ  ես նոր եմ իմացել:

-Որքա՞ն է Ձեզ պարտք եղել ինքնսպան եղած  Մանվելը:

-1 միլիոնի չափ  է եղել  պարտքը:

-Անձամբ Ձեր որդո՞ւն է պարտք եղել:

-Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել, ֆիրմային է պարտք եղել: Որեւէ  խնդիր չի եղել, կնոջն էլ, իրեն էլ շատ հարգանքով են դիմավորել: Որքանով տեղյակ եմ, ինքն է  վիրավորել այդ տղային:

-Այսինքն՝ Մանվելի կի՞նն է վիրավորել   ամուսնուն:

-Հա, ասել է՝ կգնաս տաքսի կքշե : Մենք ամուսնուն ոչ մի հարցով ո՛չ նեղացրել ենք, ո՛չ վիրավորել, ո՛չ  տղաս, ո՛չ աշխատակիցները, ու պարտքը վերադարձնելուց հետո շնորհակալությունով գնացել է, ասել է՝  շնորհակալություն, որ ինձ «պադերժկա» արեցիք,  ու գանցել է:

-Դուք հանդիպմանը անձամբ ներկա եղե՞լ եք:

-ՉԷ, քանի որ մեր տնօրենը հիվանդացել էր, ես էլ էի  մեկուսացել, չէի գնացել, բայց ինձ պատմեցին, որ նման բան է եղել:

-Ինքնասպան եղած անձը` Մանվելը, Ձեզ մոտ ի՞նչ էր աշխատում:

-Ինքը  մինչ այդ աշխատում էր մենեջեր, հետո գնաց Ռուսաստանի քաղաքացիութուն ստացավ, հետո աշխատեց  կլիենտի նման, գալիս յուղ էր տանում:

-Ձեզ հարցաքննության հրավիրել են, քանի որ Ձեզ հե՞տ են կապում դեպքը:

-Մեզ հետ կապ չունի, հիմա մեկը որ Ձեզ  պարտք  լինի, Դուք չե՞ք ասի՝ գումարը, պարտքը բեր վերադարձրու:

-Միգուցե սպառնալիքներ են հնչեցրել.. Վստա՞հ եք,  որ չի եղել:

-Չէ, ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, եթե մարդը բերել վերադարձրել է:

-Ամբողջությամբ  վերադարձրե՞լ է:

-Ամբողջությամբ չի վերադարձրել, իրեն զեղչեր են արել, ինչքան գիտեմ, 400 հազարի չափով, կնոջ հետ եկել գնացել  է:

-Հիմա Ձեզ հարցաքննության չե՞ն հրավիրել:

-Չէ, դե երեւի նոր է եղել դեպքը:

  Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ նրան հրավիրել հարցաքննության իր բարեկամի գործով:

Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին էր դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը եւ հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաեւ նրանց հետ գտնվող Արտակ եւ Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ եւ Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, եւ մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր եւ իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի եւ նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու եւ ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել: Ի դեպ քաղաքապետն ասել էր, որ Գ. Հովսեփյանը իր բարեկամն է:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Եվ, ահա, այս քրեական գործի շրջանակում էլ Առուշ Առուշանյանին հրավիրել են հարցաքննության, որից հետո էլ Գորիսի քաղաքապետի ու իր բարեկամի միջեւ առաջիկայում կլինի առերեսում:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին եւ Ա. Չ.-ին։ Վերջինս բերման ենթարկվելիս գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։ Նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Դատախազությունը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Հիշեցնենք, որ Դ. Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու, Գոռ Վարդանյանին՝ կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Հունիսի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը գործի նախապատրաստական փուլում որոշել էր հանցակազմի բացակայության հիմքով Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել: Գրիգորյանի լիազորություններն այժմ կասեցված են:

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է 30 ԱՆՁ

ArmLur.am-ի տեղեկություններով՝  Վարդենիսում 25-ամյա երիտասարդի սպանության գործով նախօրեի դրությամբ հարցաքննվել է շուրջ 30 անձ, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունների շարքը այսքանով չի ավարտվի, եւ շրջանակը կավելանա: Սակայն արձանագրենք, որ անգամ այս հարցաքննություններից հետո դեռեւս 25-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտված չէ: Դեռեւս իրավապահները չգիտեն, թե ով կամ ինչու կարող էր սպանել երիտասարդին: Հիշեցնենք, որ գիշերը կրակոցներ էին հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետեւանքով սպանվել էր 25-ամյա քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է որպես քրեական հեղինակություն։ Դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդը տուն գնալիս է եղել, կրակոցները հնչել են շենքի մոտ, նա միայնակ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչ կրակելը երիտասարդին նաեւ դանակահարել են։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հնչել է 18 կրակոց, որից երկուսը դիպել է երիտասարդին։ Կրակոցները եղել են ինքնաձիգից։ Երիտասարդին հասցրել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղ էլ մահացել է։ Հավելենք, որ Թորգոմ Հարությունյանը նոր էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու Վարդենիսում որոշ անձանց հետ ինչ-որ հարց ու պատասխաններ է ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները պարզում են։ Սակայն երեկ գրել էինք, որ ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահները սպանության նախնական վարկած քննում են այն հանգամանքը, որ Թորգոմ Հարությունյանի մահը միգուցե կապ ունի 2019թ. Ակունքի ավտովթարի հետ, որի հետեւանքով մահացել էր «օրենքով գող» Արա Մանուկյանը, իսկ վթարի հեղինակը եղել էր Վարդենիսում սպանված Թորգոմ Հարությունյանը: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել:

 

ՋՐԱՄԲԱՐՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

Երեկ երեկոյան Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվել։ Armlur.am-ի տեղեկություններով՝ 36-ամյա տղամարդը՝ Կարեն Թադեւոսյանը, իր ընկերների հետ գնացել է ջրամբար լողալու: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ վերջինս հանկարծակի անհետացել է: Ընկերները սկսել են փնտրել ու հասկացել են, որ ի վիճակի չեն նրան միայնակ գտնել, զանգահարել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, օգնություն խնդրել նրանցից: Մեր տեղեկություններով՝ Կարենը ամուսնացած էր, ունի մեկ անչափահաս դուստր, ծառայում էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Վերջինս նոր էր վերադարձել Սիրիայից: Իրինդցիները Կարենին բնութագրում են աշխատասեր, պարկեշտ անձնավորություն: Մենք տեղեկացանք, որ ՀՀ ԱԻՆ ծառայությունը գիշերը ժամը 01.30-ի սահմաններում ջրասույզների միջոցով կարողացել են Կարենի դին հայտնաբերել եւ հանձնել շտապ օգնության ծառայությանը:

 




Լրահոս